Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսի տվյալներով, նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրամանագիր կստորագրի 30-ից ավելի դատապարտյալների ներում շնորհելու մասին՝ նրանց խնդրագրերի հիման վրա: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը:

«30 մարդկանցից որեւէ մեկը քաղբանտարկյալների ցուցակում չկա: Այդ մարդիկ հավանաբար գողություն, կողոպուտ հոդվածներով դատապարտված անձինք են: Նաեւ՝ մարդիկ, ում պատիժը դատարանը որոշել է պայմանականորեն չկիրառել», - հավելեց Խաչատրյանը:

«Իշխանությունները սա ուզում են ԵԽԽՎ-ի լիագումար նիստից առաջ ներկայացնել որպես կատարված քայլ, բայց մենք նորից պնդում ենք, այդ մարդկանցից որեւէ մեկը չի անցնում քաղբանտարկյալների ցուցակով, որեւէ կերպ դա չի ազդում Հայաստանում առկա քաղբանտարկյալնելրի թվի վրա», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:

Նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը չհաստատեց Կոնգրեսի հրապարակած տեղեկատվությունը, սակայն նաեւ չհերքեց այն` փոխանցելով, որ մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ դատապարտված 12 քաղաքացիների ներման խնդրագրերն արդեն բավարարվել են, ինչի մասին արդեն վաղուց հայտարարվել է:

Նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ տարբեր քրեական գործերով դատապարտված անձանց կողմից նախագահ Սերժ Սարգսյանին մշտապես ներման դիմումներ են ուղղվում:

«Ինչպես մարտի մեկի հետ առնչություն ունեցող, այնպես էլ դրա հետ առնչություն չունեցող դատապարտյալների կողմից հանրապետության նախագահին ուղղված նոր խնդրագրերի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի նախագահի կողմից դրանց վերաբերյալ որոշում կայացնելուց հետո միայն», - ասաց Ֆարմանյանը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG