Մատչելիության հղումներ

Ընդդիմության ներկայացուցիչները կմեկնեն Ստրասբուրգ


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ Արման Գրիգորյանը, ով լիազորված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ հարաբերություններում ներկայացնել Հայ ազգային կոնգրեսը, ներկա են գտնվելու վեհաժողովի ձմեռային նստաշրջանին, որտեղ քննարկվելու է հայաստանյան պատվիրակությանը քվեարկության իրավունքից զրկել-չզրկելու հարցը:

Արման Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նպատակ ունեն Ստրասբուրգում հանդիպել «ֆրակցիաների ղեկավարների եւ ԵԽԽՎ-ի կարեւոր պաշտոնյաների» հետ եւ «նրանց հասցնել Հայ ազգային կոնգրեսի տեսակետները, կարծիքները եւ այն անհրաժեշտ ինֆորմացիան, որը թույլ կտա նրանց ճիշտ եւ ինֆորմացված որոշում կայացնել»:

Հարցին, թե կարելի՞ է նման պարագայում Հայ ազգային կոնգրեսի եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պաշտոնական պատվիրակությունների գործունեությունը գնահատել իբրեւ որոշակի մրցակցություն կամ հակամարտ գործունեություն, Գրիգորյանը արձագանքեց. - «Մենք չենք գնում այնտեղ հակամարտության մեջ մտնելու հայկական մյուս պատվիրակության հետ: Մեր խնդիրը ընդամենը Հայ ազգային կոնգրեսի տեսակետները եւ Հայաստանում տիրող իրավիճակը օբյեկտիվորեն ներկայացնելն է»:

«Մյուս պատվիրակությունը, իհարկե, ներկայացնելու է ոչ թե Հայաստանը, այլ Հայաստանի իշխող ռեժիմը», - հավելեց նա:

Պատասխանելով հարցին, թե Հայ ազգային կոնգրեսը ինչ տեղ է հատկացնում եւ ինչ դեր է վերապահում Եվրախորհրդին` Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում, Արման Գրիգորյանը ասաց. - «Ինչպես ընդդիմության ղեկավար, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմիցս ասել է` պարտականություններ ունեն եվրոպական կառույցները` այդ թվում ԵԽԽՎ-ն, մեր ժողովրդի նկատմամբ` Հայաստանում ժողովրդավարության զարգացման առումով: Եվ այդ առումով շատ կարեւոր է, իհարկե, ԵԽԽՎ-ի դիրքորոշումը, բայց մենք չենք էլ գերագնահատում ԵԽԽՎ-ի դերը. Հայաստանի ժողովրդավարացման հիմնական բեռը ընկած է մեր ուսերին` մեր ժողովրդի ուսերին, մեր շարժման ուսերին»:

«Շատ վատ կլինի իրականում, որ Հայաստանի պատվիրակությունը զրկվի ձայնից: Հայաստանի հեղինակության համար շատ վատ կլինի, բայց դրա ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանում իշխող ռեժիմի վրա», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG