Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի կարծիքով, հայաստանյան պատվիրակության ձայնի իրավունքը հունվարի 27-ին չի կասեցվի:

«Կարծում եմ, որ մեր բացատրական աշխատանքի արդյունքում, մեր իրագործելիք աշխատանքները, պլանները ներկայացնելու արդյունքում Խորհրդարանական վեհաժողովի անդամները չեն դիմի այդ սանկցիային: Նախնական կարծիքը, կարծում եմ, արդեն ձեւավորվել է դրա վերաբերյալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ադոնցը:

Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հայաստանյան այցից հետո հայտարարվեց այն մասին, որ փոփոխություններ են պատրաստվում Հայաստանի քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում, որոնք համապատասխանաբար պատիժներ են սահմանում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» համար:

Հարցին, թե արդյո՞ք եղել է պայմանավորվածություն, որի համաձայն հայաստանյան իշխանությունները, զիջումների գնալով քրեական օրենսգրքի այդ հոդվածների հարցում, փոխարենն ակնկալում են ԵԽԽՎ-ի մեղմ վերաբերմունքը, Ավետ Ադոնցը պատասխանեց. - «Իմ անձնական կարծիքով՝ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Համազեկուցողների հետ որեւէ զիջումների մասին խոսակցություն, բանակցություն չի եղել: Ես մասնակցել եմ համազեկուցողների հետ հանդիպումներին: Հայկական կողմը ներկայացրել է մոտակա ամիսների անելիքները՝ բարեփոխումների կոնտեքստով, մասնավորապես դատաիրավական համակարգի բարեփոխումների»:

Մարտի 1-2-ի իրադարձությունների առիթով կալանավորված ընդդիմադիր գործիչների հիմնական մասը մեղադրվել է 225 եւ 300 հոդվածների հիման վրա:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը գտնում է, որ հիշյալ հոդվածները պետք է ավելի հստակորեն ձեւակերպել՝ «որպեսզի դատախազությունը հնարավորություն չունենա մեղադրանքը ձեւավորել ինչպես կուզի»:

«Դուք կարող եք ասել զիջում, մյուսը կարող է ասել պարտություն, բայց սա զիջում չէր, սա պարզապես պրեզենտացիա էր այն աշխատանքների, որոնք նախատեսված էին», - շեշտեց Ավետ Ադոնցը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG