Մատչելիության հղումներ

logo-print

Տոնավաճառների աշխատողները շարունակում են բողոքել ՀԴՄ-ների ներդրման դեմ


Կառավարության առջեւ այսօր դարձյալ հավաքված հարյուրավոր մարդիկ՝ Երեւանի տարբեր տոնավաճառների ներկայացուցիչներ, հայտարարում էին, թե դժգոհ են Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ կայացած հանդիպման արդյունքներից եւ պահանջում էին հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Տոնավաճառների ներկայացուցիչները բողոքում են առեւտրի իրականացման վայրերում պարտադիր հսկիչ դրամարկղային մեքենաներ ներդնելու կառավարության որոշման դեմ:

Տոնավաճառների եւ առեւտրի կազմակերպման վայրերի ներկայացուցիչները արդեն մի քանի օր շարունակում են բողոք-ցույցերը կառավարության շենքի առջեւ, պահանջելով իրենց ազատել հսկիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ) կիրառելու պարտավորությունից, ինչը, նրանց խոսքերով, անհնարին է դարձնում առեւտրային գործունեության շարունակումը:

Երեկ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հանդիպել է Երեւանի առեւտրի կազմակերպման մի քանի վայրերի, մասնավորապես՝ «Վաղարշ եւ որդիներ» (Ոսկու շուկա), «Գնունու շուկա», «Նարեկ» («Այրարատ») տոնավաճառների ներկայացուցիչների հետ:

Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում առեւտրի կազմակերպման վայրերի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել վճարել ավելի բարձր հաստատագրված վճար՝ պայմանով, որ պետությունն իրենց չի պարտադրի աշխատել հսկիչ դրամարկղային մեքենաներով:

Արմեն Ալավերդյանը, սակայն, հակադարձել է, որ ՀԴՄ-ների ներդրման գործընթացն անշրջելի է եւ առեւտուր իրականացնողները պարտավոր են կիրառել օրենքի պահանջները:

«Ոչ մի արդյունք, բառիս բուն իմաստով», - Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի հետ հանդիպման մասին կարծիք հայտնեց ցուցարարներից մեկը: - «Ամեն ամիս, բացի սոցհարկերը, որ տալիս եմ՝ 7,000-ը, 18,000-ը, 5,000-ը, տեղի փողը եւ այլն, [Արմեն Ալավերդյանը] ասում է՝ ամեն ամիս 5-6 հարյուր դոլար պահիր, որ տարվա վերջում այդ 6 հազար դոլարը նորից տանես տաս պետությանը՝ որպես սոցհարկ»:

Այսօր եւս կառավարությունից ցուցարարներին լսելու էր եկել Քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների քննարկման վարչության պետ՝ Ալեքսանդր Ղազարյանը:

Երթով դեպի նախագահի նստավայր շարժվելու՝ ցուցարարների փորձը կանխվեց կառավարության առջեւ հավաքված ոստիկանների կողմից:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG