Մատչելիության հղումներ

Այսօր վերսկսվում է «Բջնի»-ի աճուրդը


Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող (ԴԱՀԿ) ծառայությունը այսօր վերսկսում է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության աճուրդը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԴԱՀԿ ծառայության մամուլի խոսնակ Ռուբեն Գռձլյանը, աճուրդը կմեկնարկի երեկոյան եւ կտեւի 10 օր:

«Ոչ մի փոփոխություն մեկնարկային գնի կամ լոտի կառուցվածքի հետ տեղի չի ունեցել անցյալ անգամվանից, երբ կասեցվեց աճուրդը», - ասաց նա` հավելելով. - «Հյուսիսային քաղաքացիական դատարանը մեկ անգամ «Բջնի»-ի սնանկության հայց էր ընդունել, որը հետագայում մերժվել էր, եւ ըստ այդմ` ԴԱՀԿ ծառայությունում գործողությունները վերսկսվել էին: Երկրորդ անգամ, որքան ինձ է հայտնի, դատարանը ընդհանրապես վարույթ չի ընդունել հայցը, եւ մեր գործողությունները շարունակվում են, այսինքն` աճուրդը այսօր կմեկնարկի»:

Անդրադառնալով Կոտայքի մարզի հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանի դեմ հունվարի 21-ին կատարված բռնության փաստին, որի հետեւանքով Բաբաջանյանը սուր-կտրող-ծակող գործիքից հասցված ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատվել, Գռձլյանը ասաց. - «Մենք ունենք հստակ մեր դիրքորոշումը, որ հնարավոր է, եւ շատ հնարավոր է, որ այս ամեն ինչի հետեւանքը Հայկ Բաբաջանյանի ծառայողական պարտականությունների կատարումն էր: Այսինքն, Հայկ Բաբաջանյանի մոտ «Բջնի» հանքային ջրերի գործարանի կատարողական վարույթներն էին գտնվում, ինքն էր վարում դրանք, եւ մենք դիտում ենք այս տեսանկյունից այս ամեն կատարվածը»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` Ռուբեն Գռձլյանը հաստատեց, որ նախկինում տվյալ աշխատակցի հասցեին սպառնալիքներ են հնչել. - «Ես խոսել եմ Հայկի հետ` միջադեպից հետո, իհարկե: Նրա խոսքերով` այո, այդ սպառնալիքները եղել են»:

«Բջնի»-ի տօրինությունը երեկ հայտարարությամբ էր հանդես եկել` դատապարտելով Բաբաջանյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը եւ հերքելով վարկածը, թե դա իրականացրել է «Բջնի» ընկերությունը: Փոխարենը, ընկերությունը շատ հավանական է համարում, որ տեղի ունեցածը «ծրագրավորել են իշխանությունները, դրանով իսկ Սուքիասյանների նկատմամբ հասարակության հակակրանքն առաջացնելու եւ իրենց ապօրինությունները կոծկելու համար»:

«Կարծում ենք, զուգադիպություն չէ աճուրդի այս նախաշեմին նման եղանակով վարկաբեկել «Բջնի» ընկերությանը եւ հասարակության հարգանքը նվազեցնել վերջինիս նկատմամբ», - ասված է «Բջնի»-ի տնօրինության երեկվա հայտարարությունում:

«Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» գործարանում ստուգումները սկսվել են 2007 թվականի նոյեմբերից: 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ է կայացրել «Բջնի»-ից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, նույն ամսին ԴԱՀԿ ծառայությունը գործարանում գույքագրում է կատարել եւ գույքը կալանքի տակ առել: Հոկտեմբերի 23-ին գործարանը փակվեց, դադարեցվեց արտադրությունը, քանի որ անհնար համարվեց հետագա գործունեությունը:

Դեկտեմբերին հայտարարված աճուրդով վաճառքի էր հանված ընկերության` «Բջնի» գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասը` իր հոսքագծերով, նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշների իրավունքը: ԴԱՀԿ ծառայությունը 6 միլիարդ 580 միլիոն դրամ (շուրջ 21,5 միլիոն դոլար) գնահատված գործարանի մեկնարկային գին էր սահմանել 4 միլիարդ 935 միլիոն դրամը, ինչը գնահատված արժեքի 75 տոկոսն է:

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG