«Հայաստանի Հանրապետություն» թերթին հարցազրույց է տվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Լրագրողը հարցնում է. - «Ինչպես մարդու իրավունքների հանձնակատարի վերջին գնահատականներից, այնպես էլ մոնիթորինգի հանձնաժողովի դեկտեմբերյան առաջարկից պարզ է դառնում, որ ձայնից զրկվելու հեռանկարի շուրջ ստեղծված այս թնջուկի հիմքը «7-ի գործն» է, որն այսօր փակուղու առջեւ է հայտնվել: Իսկ մոնիթորինգի հանձնաժողովը պահանջում է` կա’մ կարճել 7 անձանց դեմ հարուցած քրեական գործը, կա’մ նրանց նկատմամբ հայտարարել համաներում: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը եւ ի՞նչ ասելիք ունեք Եվրոպային այս առումով»: Հարությունյանը պատասխանում է. - «Դժվար է գնահատական տալ մեր իրողությունում քաղբանտարկյալ եզրին: Առայսօր Եվրախորհուրդը առիթ ունեցել է որոշ անձանց քաղբանտարկյալ ճանաչելու: Սակայն առաջին անգամն է, որ Եվրախորհուրդը փորձ է անում նման որակում տալ` առանց լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու, ինչը, իմ կարծիքով, ճիշտ մոտեցում չէ: Որպես կանոն` այդ նպատակով նախատեսվում են առանձին զեկույցներ ոչ թե մոնիթորինգի հանձնաժողովի շրջանակում, այլ բացարձակապես այլ որակի ուսումնասիրությունների հիման վրա` իրավական հանձնաժողովի շրջանակներում, ինչը ենթադրում է առանձին ուսումնասիրություններ, փորձագիտական այցելություններ: Շատ ցավալի է, որ «7-ի գործի» դատավարությունը հայտնվել է փակուղային իրավիճակում: Ցանկացած փակուղուց միշտ էլ հնարավոր են լուծումներ: Իսկ համաներում հայտարարելուն անձամբ ես կողմ եմ»:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների, Հայաստանի իշխանությունները Պրեսկոտին փորձել են համոզել, որ նա Ստրասբուրգում հայտարարի, թե Հայաստանում որոշ առաջընթաց կա, եւ հիմա մեր երկրի դեմ պատժամիջոց կիրառելը կվնասի այդ առաջընթացին. - «Երեկ, սակայն, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը կարծիք է հայտնել, որ որքան էլ նույն Պրեսկոտը նման բան հայտարարի եւ առաջարկի մի փոքր էլ ժամանակ տալ Հայաստանին, նա չի կարող ասել, թե այստեղ այլ պատկեր է տեսել: Բանն այն է, որ եթե հանձնաժողովը տեսնի, որ զեկուցողը օբյեկտիվ չէ եւ այլ ուղղությամբ է աշխատում, կարող է անվստահություն հայտնել նրան... Այնպես որ, եթե համազեկուցողները կեղծեն, կպատժվեն»:
«Առավոտ»-ի հետ զրուցել է գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը: Նա իր գնահատականն է տալիս մարտի 1-ի իրադարձությունների մասին. - «Պատասխանատու են եւ մեղավոր երկու կողմն էլ՝ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը։ Բայց ընդդիմությունն՝ ավելի շատ, որովհետեւ, ի վերջո, նրանք էին այրում մեքենաներն ու թալանում խանութները։ Եվ ես գտնում եմ, որ այդ խուլիգանական պահվածքը շարունակվում է այսօրվա դատավարությունների ընթացքում, երբ ոտքի չեն կանգնում, հայհոյում են եւ այլն։ Դա պայքարի լուրջ ձեւ չէ։ Այդ դատավարություններն ընդդիմությունը վերածել է շոուի... Իշխանություններն ի՞նչ են անում՝ ընդամենը հետաձգում են դատավարությունը։ Ուզում եմ շեշտել, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց այդ տգեղ պահվածքով դրդում են, որ մտածող մարդիկ իրենց նկատմամբ հակակրանքով լցվեն»:
«7-ի գործին» է անդրադարձել նաեւ «Իրավունք»-ը, որտեղ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը ասում է. - «Նոր դատ չի լինի: Չի լինի ոչ թե նրա համար, որ տղաները չեն ուզում. տղաները ոտքի կանգնելու տարբերակներ առաջարկել են: Չի կարելի նրանց մեղադրել այն բանի համար, որ Մացոյի (դատավոր Մնացական Մարտիրոսյան) առաջ ոտքի չեն կանգնում: Մացոն, հանցագործությունների մեջ թաղված, երկրիս հիմնադիրների՞ն պետք է դատի: Մացոն շատ հաց ու պանիր պետք է ունի, որ արդար մարդկանց դատի: Ի վերջո, օրենքում չկա այնպիսի մի կետ, որով պարտադրվում է մեղադրյալին ոտքի կանգնել: Բայց սա միայն մակերեսն է. դիմիտրովյան դատ կարող է գնալ, երբ մեղադրվողները մեղադրելու են եւ դաժան են մեղադրելու»: Նույն հարցի առթիվ ՀՀԿ-ի մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասում է. - «Կարծում եմ, որ եթե դատախազության մարմինը, իրավական տիրույթում գտնվող կամ դատական իշխանության ներկայացուցիչները եթե ունեն այս կամ այն մարդու, քաղաքացու վերաբերյալ հիմնավոր փաստարկներ, ապա, բնականաբար, պետք է օրենքի շրջանակներում ամեն ինչ իրականացնել... Պետք չէ սա քաղաքականացնել: Սա իրավական տիրույթում է, եւ թե’ «7-ի գործը», թե’ բոլոր մնացած դատավարությունները պետք է լինեն օրենքի շրջանակներում եւ իրավական հարթության տիրույթում»:
«Չորրորդ իշխանություն»-ը քննարկում է Հայաստանի ներքին քաղաքականությունը. - «Արդյո՞ք Սերժ Սարգսյանը վերահսկում է քաղաքական դաշտը: Ոչ, նա հազիվ միայն հանրապետականներին է վերահսկում, այն էլ` մեծ վերապահումներով: Նա նույնիսկ Դաշնակցությանը չի կարողանում վերահսկել: Ոչ թե այն պատճառով, որ դաշնակները չափազանց «սկզբունքային» են, այլ որովհետեւ «թանկաբազար» են, իսկ այդքան տալու բան Սերժ Սարգսյանը պարզապես չունի: Նրա ներքաղաքական ռեսուրսները սպառված են. «դհոլներն» եւ «հաճախորդները» վերջնականապես խաղից դուրս են, «հանրային խորհուրդ» պրոյեկտը մոտավորապես «Արմենիկում»-ի ճակատագրին է արժանացել, իսկ ընդդիմությանը պառակտել այդպես էլ չհաջողվեց: Սերժ Սարգսյանը այսօր նույնիսկ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու քայլեր չի կարող անել, օրինակ` չի կարող ազատ արձակել քաղբանտարկյալներին: Զուտ տեխնիկապես, իհարկե, կարող է. հրամանագիր ստորագրելը բարդ բան չէ: Բայց դրա արդյունքում շարժումը կհզորանա, եւ ինքը կզրկվի պաշտոնից»:
Աղասի Ենոքյան