Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը տեղեկացրել է, որ փոփոխություններ են պատրաստվում Հայաստանի քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում, որոնք համապատասխանաբար պատիժներ են սահմանում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» համար: Այդ մասին Դանիելյանը հայտարարել էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի այցից հետո:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արդարադատության նախարարը հավաստիացրեց, որ այդ հոդվածները վերանայելու մտադրություն եւ նախաձեռնություն վաղուց է եղել:

«Արդեն մեկ տարի առաջ այդպիսի նախաձեռնություն կար», - ասաց Գեւորգ Դանիելյանը նշելով, որ պետք չէ այս նախաձեռնությունը կապել ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու հնարավորության հետ:

«Քննարկվել է, բնականաբար, այդ անձանց հետ, որոնք ներկայացնում են զեկույցը: Կոնկետ ձայնից զրկելու հետ ես չէի կապի, բայց որ բանակցությունների ընթացքում նորանոր խնդիրներ են առաջանում, նորանոր պահանջներ, եւ դրանց լուծում տալը եւս կարեւոր խնդիր է՝ սա որեւէ մեկը չի կարող ժխտել», - ասաց նախարարը:

Այդուհանդերձ, ըստ Գեւորգ Դանիելյանի, խնդիրը ոչ թե այս հոդվածների ձեւակերպումների, այլ դրանց կիրառման մեջ է: Նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին եւ ստացել եզրակացություն 225 հոդվածի առնչությամբ:

«Իրենց դիրքորոշումն այսպիսին է՝ կազմակերպիչները չպետք է պատասխանատվություն կրեն երրորդ կողմի մասնակիցների գործողությունների համար կամ որեւէ հակաօրինական գործողության համար, որին մասնակցելու մտադրություն իրենք ուղղակիորեն չեն ունեցել», - եզրակացությունից մի հատված մեջբերեց Դանիելյանը:

Դեռեւս հայտնի չէ, թե նշված հոդվածները ինչ ձեւակերպում կունենան փոփոխությունից հետո, սակայն Արդարադատության նախարարը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները հաշվի կառնվեն, քանի որ դրանք «հարուստ նյութ են իսկապես կատարելագործված օրենսդրական դրույթներ ունենալու համար»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, մեկնաբանելով 225 եւ 300 հոդվածներում իրականացվելիք փոփոխությունների հնարավորությունը, կարծիք հայտնեց, որ այսպիսով փորձ է արվում «ապաքաղաքականացնել այդ հոդվածները:

«Դրանով մենք ինչ-որ տեղ ապացուցում ենք, որ մեզ մոտ իրավակիրառ պրակտիկան գնացել է այդ հոդվածների շատ լայն մեկնաբանության եւ շատ դեպքերում՝ որոշ քաղաքական գործունեությունների քրեականացման ճանապարհով եւ քանի որ իրավակիրառ պրակտիկայում հարցը չենք կարողանում լուծել, տվյալ դեպքում՝ հանձինս իրավապահների, օրենսդիր մարմինը պետք է փորձ անի դրանք այն ձեւով ձեւակերպել, որպեսզի ցանկության դեպքում էլ դրանք այդքան լայն չկարողանան մեկնաբանել», - ասաց Արմեն Հարությունյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG