Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը գործատուներին կոչ է անում սահմանափակել օտարերկրյա աշխատուժի ներգրավումը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը գործատուներին կոչ է անում մարդկանց աշխատանքի ընդունելիս առաջնայնությունը տալ ռուսաստանցիներին: Երեկ դաշնային օկրուգների լիազոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ֆինանսական ճգնաժամի հետեւանքներին` նա նշել է, թե անհրաժեշտ է սահմանափակել աշխատաշուկայում օտարերկրյա աշխատուժի ներգրավումը:

«Կադրային քաղաքականությունը պետք է վերանայվի: Օրինակ, Ինգուշեթիայում այսօր գործազրկության ամենաբարձր մակարդակն է գրանցվում` 57 տոկոս, բայց նույնիսկ այդ պայմաններում 4 հազար օտարերկրացի աշխատող կա, եւ ղեկավարները չգիտեն` ինչպես վարվել», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Մեդվեդեւը եւ ընդգծել,որ խնդրին պետք է շատ լուրջ վերաբերվել:

Դմիտրի Մեդվեդեւի` երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, վերջին երեք ամիսներին Ռուսաստանում գործազրկության մակարդակն աճել է 20 տոկոսով, եւ այսօր երկրում 1,5 միլիոն գործազուրկ կա: Ընդ որում, գործազրկության աճի միտումը շարունակվում է. ռուսաստանյան իշխանությունների կանխատեսումներով` այս տարի աշխատանքից զրկվածների բանակը երկրում կարող է համալրվել եւս 500-700 հազարով ու անցնել 2 միլիոնից:

Ավելի մեծ է «թաքնված գործազուրկների» թիվը, որոնք կա’մ չեն գրանցվում աշխատանքի տեղավորման կենտրոններում, կա’մ պաշտոնապես ազատված չեն աշխատանքից, սակայն հարկադիր պարապուրդի մեջ են:

Ոչ պաշտոնական տվյալներով, օրինակ` Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվարկներով, դեռ 2008 թվականի նոյեմբերի 1-ին Ռուսաստանում 4,5 միլիոն գործազուրկ կար, իսկ մինչեւ հունվար նրանց թիվը հասել է 6 միլիոնի: Նույն տեմպերով շարունակվելու դեպքում, ըստ փորձագետների, Ռուսաստանում գործազուրկների թիվը այս տարի կարող է հասնել 7,5 միլիոնի:

Տեղեկացնելով, որ երկրում շուրջ 10 միլիոն ապօրինի միգրանտ կա, ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ ենթադրում են, որ իշխանությունները որոշել են գործազրկության սլաքը առավելապես նրանց կողմը ուղղել: Հրապարակվում են կանխատեսումներ, որ կրճատումների երկրորդ մեծ ալիքը սպասվում է փետրվար-մարտ ամիսներին: Եվ այդ դեպքում արդեն գարնանը աշխատանքը կորցրած կլինեն շուրջ 4 միլիոն ներգաղթյալներ:

Ռուսաստանի իշխանությունները դեռ անցած տարեվերջին հայտարարեցին միգրանտներին աշխատանքի ընդունելու հարցում սահմանափակումների անհրաժեշտության մասին, եւ սահմանափակումների մի մասն արդեն ուժի մեջ է մտել:

Մասնավորապես, օտարերկրացի աշխատողների վճարովի քվոտաներ են սահմանվել գործատուների համար, որպեսզի նրանց ձեռնտու չլինի միգրանտի ընդունելը, բացի այդ` ներգաղթյալներին արգելվում է խանութներից դուրս մանրածախ առեւտուրը եւ ալկոհոլի ու դեղորայքի մանրածախ վաճառքը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG