Մատչելիության հղումներ

logo-print

«Արեւելյան հարեւանների հետ համագործակցության խորացումը դարձել է կենսական խնդիր»


Ռուսաստանի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը ստիպում է Եվրամիությանը խորացնել հարաբերությունները նախկին խորհրդային երկրների հետ: Այդ մասին Եվրախորհրդարանում կազմակերպված լսումներում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Էնեկո Lանդաբուրուն:

«Հարեւանների նկատմամբ պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունը Եվրամիությանը դրել է մի վիճակում, երբ արեւելյան հարեւանների հետ համագործակցության խորացումը դարձել է կենսական խնդիր մեզ համար», - ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան:

Շուրջ երկու ամսից Եվրամիությունը վերջնականապես կհաստատի Արեւելյան գործընկերության ծրագիրը, որով նախատեսվում է խորացնել տնտեսական եւ քաղաքական կապերը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հետ, այս երկրների հետ ազատ առեւտրի գոտի ստեղծել, վերացնել վիզային սահմանափակումները զբոսաշրջիկների համար, ինչպես նաեւ զգալի ֆինանսական աջակցություն տրամադրել: Փոխարենը, Բրյուսելը պահանջում է հավակնորդ երկրներից մի շարք օրենսդրական եւ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:

Մասնավորապես, Երեւան կատարած վերջին այցի ժամանակ Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները հայտարարել էր, թե ծրագրին մաս կազմելու համար Հայաստանը պետք է կրկնապատկի բարեփոխումներին ուղղված ջանքերը:

Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով գլխավոր տնօրենն էլ Բրյուսելում առաջին անգամ որոշակի զուգահեռներ է անցկացրել այս ծրագրի եւ Եվրամիությանը լիարժեք անդամակցելու հեռանկարի միջեւ:

«Արեւելյան գործընկերության հաջող իրականացումը ամենալավ բանը կլինի օրերից մի օր Եվրամիության լիարժեք անդամ դառնալու` այս երկրների նկրտումների համար», - հայտարարել է Lանդաբուրուն: Միեւնույն ժամանակ, եվրոպացի դիվանագետը ընդգծել է. - «Ներկայումս Եվրամիության օրակարգում ընդարձակման խնդիր դրված չէ, անկախ այն բանից` դա ձեզ դուր է գալիս, թե ոչ: Եվրամիության անդամների շրջանում առայժմ համաձայնություն չկա այս հարցի վերաբերյալ, եւ սա փաստ է»:

Քննարկումների ժամանակ լսվել են նաեւ քննադատական ելույթներ: Որոշ պատգամավորներ, մասնավորապես, հայտարարել են, թե Եվրամիությունը այս ծրագրով էական ոչինչ չի առաջարկում հավակնորդ երկրներին:

«Իմ տպավորությամբ` սա քող է, որի տակ որեւէ բան թաքնված չէ», - հայտարարել է Եվրախորհրդարանի` Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար Մարի-Անն Իզլեր Բեգենը. - «Ինչ ենք մենք առաջարկում` ազատ առեւտուր, վիզային ռեժիմի հեշտացում... այդ ամենն արդեն կա Նոր հարեւանության ծրագրում, ոչինչ այստեղ նոր չէ, ավելին` այս ծրագրի իրականացումը բավական երկար ժամանակ է պահանջելու»:

«Եվրամիությունն իր հարեւաններին պետք է անդամակցության հստակ հեռանկար տա», - հայտարարել է եվրոպացի պատգամավորը`ընդգծելով, թե այդ քայլը կարող է էական խթան դառնալ բարեփոխումների իրականացման համար:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG