Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա հունվարի 28-ին Դավոսում, իսկ նախօրեին Ցյուրիխում կհանդիպեն երկու երկրների արտգործնախարարները:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունն էր` կազմակերպել հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ սպասվող նախագահների հանդիպումից առաջ: Եվ այդ նախաձեռնությանը համաձայնություն էր տվել Ադրբեջանի նախարարը: Եվ ես էլ դեմ չեմ այդպիսի հանդիպմանը: Հուսով եմ, որ այդպիսի հանդիպում կկայանա», - այսօր հրավիրած ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նույնպես այսօր Բաքվում հրավիրած ասուլիսում հայտնել է, որ Էդվարդ Նալբանդյանի հետ կհանդիպի հունվարի 27-ին՝ Ցյուրիխում` հավելելով, որ հաջորդ օրը` հունվարի 28-ին, նախատեսված է Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիեւ հանդիպումը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից Մեթյու Բրայզայի` երեկվա հայտարարությունը մինչեւ ամառ Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին, Էդվարդ Նալբանդյանը ասաց. - «Հասարակությանը կներկայացվեն սկզբունքներ, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Քանի որ պայմանավորվածություն [դեռեւս] ձեռք չի բերվել, բանակցություններ են վարվում... բայց պայմանավորվածություն չկա ո’չ Հայաստանի, ո’չ Ադրբեջանի կողմից: Մենք պատրաստ ենք շարունակել այդ բանակցությունները Մադրիդյան առաջարկների հիման վրա: Ադրբեջանը փաստորեն վարում է բանակցությունները Մադրիդյան առաջարկների հիման վրա, չնայած ամեն տեղ իրենք հայտարարում են ուրիշ բաներ»:

«Եթե մենք գանք այդ պայմանավորվածություններին, այն ժամանակ կգա այն հանգրվանը, որ պետք է ներկայացնել նաեւ հանրությանը թե’ Հայաստանում, թե’ Ղարաբաղում: Եվ երբ լինի աջակցությունը ժողովրդի կողմից, այն ժամանակ ղեկավարությունը կկարողանա գնալ ինչ-որ որոշումների: Բայց ես ժամկետներ չէի տա», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը:

Ադրբեջանի արտգործնախարարը Բաքվում, խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի մասին, ասել է. - «Համանախագահները մեզ ներկայացրել են որոշ լրացումներ հիմնարար սկզբունքներում, մենք հիմա դրանց վրա աշխատանք ենք տանում... Ադրբեջանը պնդում է հետեւյալ դիրքորոշումը՝ օկուպացված տարածքների ազատագրում, հարկադրաբար տեղահանվածների վերադարձ, եւ հակամարտության կարգավորում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Այսօրվա ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին` վերահաստատելով առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու` Հայաստանի դիրքորոշումը:

«Մենք սպասում ենք նույն դրսեւորումը Թուրքիայի կողմից, եւ այդ դեպքում իսկապես մենք շատ մոտ ենք հարցի լուծմանը: Այդ տեսանկյունից ես կիսում եմ այն կարծիքը, որ հայտնել է [Թուրքիայի արտգործնախարար] Բաբաջանը, որ մենք շատ մոտ ենք հարցի կարգավորմանը: Բայց ես ասում եմ` շատ մոտ ենք եւ կարող ենք արդեն հաջորդ քայլը անել եւ լուծել այդ հարցերը, երբ որ Թուրքիան դրսեւորի նույն մոտեցումը` առանց նախապայմանների կարգավորելու եւ բացելու սահմանները», - ասաց նախարարը:


Ռուբեն Մելոյան եւ Հրաչ Մելքումյան, Պրահա

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG