Մատչելիության հղումներ

logo-print
«7-ի գործով» դատավարության ձգձգումների կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ մեղադրվող 7 ընդդիմադիր գործիչների պաշտպանները` մասնավորապես, պահանջելով ապահովել իրենց պաշտպանյալների արդար դատաքննության իրավունքը եւ դատաքննության հրապարակայնությունը:

Հայտարարության մեջ պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը, Մելանյա Առուստամյանը, Վարդուհի Էլբակյանը, Հովիկ Արսենյանը եւ Ստեփան Ոսկանյանը նաեւ նշել են, որ «7-ի գործով» նախորդ հինգ դատական նիստերի ժամանակ կիրառված սանկցիաները քողարկված դատավճիռներ են: Նրանք պահանջել են պաշտպանական եւ մեղադրական կողմերի համար հավասար պայմաններ հաստատել եւ ապահովել իրենց պաշտպանյալների հարազատների, ընկերների եւ սատարող անձանց մուտքը դատական նիստերի դահլիճ` ապահովելով դահլիճում կարգ ու կանոն:

Պաշտպանները գտնում են, որ դատարանը իրավասու է ոտքի չկանգնելու համար կիրառել այլ միջոցներ` նախազգուշացում, տուգանք եւ շարունակել դատական նիստերը: Ըստ այդմ՝ «7-ի գործով» նախորդ հինգ դատական նիստերում կիրառված սանկցիաները քողարկված դատավճիռներ են:

«Քաղբանտարկյալների՝ ոտքի չկան•նելը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտ հանդիսանալ գործի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությանը», -
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սուրեն Սիրունյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

«Երկու-երեք անգամ է արդեն, որ դատական նիստերից հետո մեր փորձերը, որ տեսակցենք մեր պաշտպանյալների հետ, չեն հաջողվում: Դատավորը ուղղակի թույլ չի տալիս», - պաշտպանությանը մտահոգող մեկ այլ խնդրի մասին հայտնեց Էլբակյանը: Նա տեղեկացրեց, որ պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումները բողոքարկել են վերաքննիչ դատարանում եւ պատրաստվում են իրենց պաշտպանյալների իրավունքների խախտման կապակցությամբ դիմումներ հղել Եվրադատարան:

Հիշյալ գործով 7 ընդդիմադիր գործիչների՝ Ալեքսանդր Արզումանյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներ են առաջադրվել: Մյասնիկ Մալխասյանին մեղադրանք է ներկայացվել նաեւ ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու, Սասուն Միքայելյանին` ապօրինի զենք կրելու մեջ:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG