Մատչելիության հղումներ

Գեղասահքի մայր դպրոցն այլեւս սառույց չունի


«Դպրոցը չունի սահադաշտ, եղած սառույցն էլ ավելի շատ լճակի է նման, ոչ թե սառույցի: Եթե սահադաշտի դպրոցը չունի սահադաշտ, էլ ինչի՞ մասին է խոսքը: Դպրոցի միակ սահադաշտն արդեն մի քանի ամիս չունի սառույց» - բողոքում են փոքրիկ մարզիկների ծնողները:

Դպրոցի նախկին տնօրեն Սամվել Խաչատրյանը, ով նաեւ Հայաստանի ձեւավոր չմշքասահքի ֆեդերացիայի նախագահն է, «Մաքս Լիբերթի»-ին տված հարցազրույցում ասաց, որ ինքն իբրեւ ֆեդերացիայի նախագահ դիմել է տարբեր ատյանների, ու միայն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից է պատասխան ստացել: Խոստացել են մինչեւ 2010 թվականը դպրոցի վերնորոգման աշխատանքները մտցնել որեւէ ծրագրի մեջ:

Դպրոցը ոչ միայն սահադաշտի խնդիր ունի, այլեւ` հիմնովին վերանորոգման կարիք: Նորանշանակ տնօրեն Մելինե Ավագյանն ասում է, որ ինքը նույնպես դիմել է նախարարություն եւ մինչ այժմ սպասում է պատասխանի:

Շենգավիթ համայնքի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը «Մաքս Լիբերթի»-ին ասաց, որ հնչած մտահոգությունները փոքր-ինչ ուռճացված են:

«Դպրոցում անառողջ մթնոլորտ է տիրում: Տնօրենի փոխելուց հետո, բոլորը սկսեցին պատերի տակ ինչ-որ բաներ խոսել, բողոքներ բարձրացնել: Ամեն տարի այդ դպրոցում մասնակի վերանորոգումներ կատարվում են, ինչո՞ւ միայն այս տարի որոշեցին բողոքել», - ասաց թաղապետն ու խոստացավ, որ մինչեւ այս տարվա մարտ ամսվա վերջը դպրոցն անպայման կունենա սահադաշտ:


Նարինե Ղալեչյան
XS
SM
MD
LG