Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրես. «Հայաստանում շարունակվում է խորը քաղաքական ճգնաժամը»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը` այսօր հրապարակած հայտարարությամբ պնդում է, որ երկրում շարունակվում է «խորը քաղաքական ճգնաժամը»:

«Այդ ճգնաժամի չլուծման հիմնական պատճառն իշխանությունների կողմից քաղաքական լուծումներ փնտրելուց հրաժարումն է եւ վեց տասնյակ քաղբանտարկյալների պահելը բանտերում` հակառակ հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային հանրության պահանջներին», - մեկնաբանեց Զուրաբյանը` մեջբերելով Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունից:

«Ռեժիմը, ըստ էության, որդեգրել է քաղաքական պատանդներ պահելու միջոցով համաժողովրդական շարժումը մաշեցնելու եւ բարոյազրկելու անհեռանկար ռազմավարություն», - մասնավորապես, ասված է հայտարարությունում, որը հրապարակեց Լեւոն Զուրաբյանը: - «Այդ ծրագիրը իրականցնելու համար վարչախումբը որեւէ գնի առջեւ կանգ չի առել: Իսկ կորուստները իսկապես մեծ են` հեղինակազրկվում է Հայաստանը, ընկնում նրա միջազգային վարկը, թուլանում են Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան բանակցություններում, վտանգի տակ է համագործակցությունը Եվրոպական միության հետ... Երկրում շարունակում է տիրել անառողջ հասարակական մթնոլորտ, անհեռանկարայնության զգացում, աճել են էմիգրացիայի տեմպերը»:

Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի իշխանություններից պահանջում է դադարեցնել անհեռանկար «ռեպրեսիվ քաղաքականությունը», ազատ արձակել քաղաքական դրդրապատճառներով կալանավորվածներին, ինչից հետո ընդդիմադիր ուժը պատրաստ է գնալ իշխանությունների հետ երկխոսության:

«Բնականաբար», - ասաց Կոնգրեսի համակարգողը, - «քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո մենք պատրաստ ենք անմիջապես սկսել երկխոսություն իշխանությունների հետ քաղաքական լուծումներ գտնելու վերաբերյալ»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում Հայ ազգային կոնգրեսը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ձայնից զրկելու հեռանկարին, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «ՀԱԿ-ի հաղթանակ մենք համարեցինք այն, որ Եվրոպայի խորհուրդը ճանաչել է այս մարդկանց քաղաքական բանտարկյալներ: Այսինքն` ընդունել է այն ճշմարտությունը, որ ընդդիմությունը մատուցել է իրենց: Դա ենք մենք համարել մեր հաղթանակը.. Եթե մենք ուզում ենք, որ նրանց որոշումը լինի սկզբունքային, հետեւողական, արդարացի, ապա գոնե մեր կողմից կատարվելիք գործը հետեւյալն է` տրամադրել նրանց օբյեկտիվ տեղեկատվություն: Եվ դա մենք անելու ենք: Մնացած հարցերը արդեն իշխանությունների եւ Եվրոպայի խորհրդի միջեւ ճշտվելիք հարցեր են»:

Ավելի ուշ Հայ ազգայի կոնգրեսը տարածեց մեկ այլ հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. - «ԵԽԽՎ նստաշրջանից առաջ, որտեղ պետք է քննարկվի Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը, իշխանությունները ոչ միայն չեն պատրաստվում քաղբանտարկյալններին ազատ արձակել, այլեւ լիագումար նիստից ընդամենը օրեր առաջ դեռ ավելացնում են քաղբանտարկյալների թիվը»։

Նշելով, որ երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել զինծառայող, շարքային Կարեն Հայրապետյանին, ով «չհամաձայնեց գործիք դառնալ հայկական «արդարադատության» ձեռքին եւ հրաժարվեց կեղծ ցուցմունքներ տալ քաղբանտարկյալներ Մյասնիկ Մալխասյանի եւ Արման Շահինյանի դեմ», հայտարարության հեղինակները շարունակում են. - «Ռեժիմն իր խամաճիկ դատարանի միջոցով պատժեց հերթական անհնազանդին, քաղբանտարկյալների թիվը այս պահին արդեն հասցնելով 60-ի»։


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG