Մատչելիության հղումներ

Սմբատ Այվազյանը հեռացվեց դատարանի դահլիճից՝ «անհարգալից վերաբերմունքի համար»


Վերաքննիչ դատարանում երկու տարի ազատազրկման դատապարտված Սմբատ Այվազյանի բողոքով դատական նիստը հետաձգվեց: «Ոտքի՛, դատարանն է գալիս» հայտարարությունից հետո Սմբատ Այվազյանը տեղում նստած մնաց: «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար» նիստը նախագահող Գրիշա Մելիք-Սարգսյանը որոշում կայացրեց Այվազյանին դատարանի դահլիճից հեռացնելու եւ նիստը մինչեւ հունվարի 26-ը հետաձգելու մասին:

Իր պահվածքը մեկնաբանելով՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը հայտարարեց՝ «արդարադատություն չկա մեր երկրում, որ ես հարգեմ»:

«Այդ դեպքում՝ ինչո՞ւ եք բողոք ներկայացրել», - հարցրեց դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը:

«Օրենքով մենք պետք է ձեր ատյանը անցնենք, որ կարողանանք դիմել ավելի վեր, դա է պատճառը», - պատասխանեց Այվազյանը, նաեւ հայտարարելով, որ հույս չունի, թե դատական այս ատյանը կարող է արդարադատություն իրականացնել:

Այվազյանին դատարանի դահլիճից հեռացնելու՝ դատարանի կայացրած որոշումը մեկնաբանելով, վերջինիս շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ասաց. - «Դատավորները այդ որոշումը կայացնելիս պարտավոր էին ղեկավարվել նաեւ նրանով, որ կան այլընտրանքային միջոցներ՝ տուգանք, եւ այլն, որ իրենք պետք է կիրառեին»:

«Նրանք իրավունք չունեն բացառիկ [սանկցիա] կիրառելու, երբ որ կա դրանից ավելի մեղմը: Ես կարծում եմ, որ նրանց մեջ մտավախություն կա, որ ներպետական ատյանները սպառելուց հետո Եվրոպական դատարանը շատ լուրջ որոշումներ կարող է կայացնել Հայաստանի հետ կապված եւ նրանք, կարծես, ձգում են այդ պահը, երբ անձը կարող է վերջապես դիմել Եվրոպական դատարան»:

Ընդ որում, Լուսինե Սահակյանի խոսքով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու հիմնավորմամբ որոշում կայացնելուց հետո դատավորները՝ «7-ի գործով» Մնացական Մարտիրոսյանը, Այվազյանի գործով՝ վերաքննիչ դատավորները, նիստը հետաձգելով՝ նշված օրերը պատժի մեջ չեն հաշվարկում:

«Ես կարծում եմ, որ սա Եվրոպական կոնվենցիայի եւ Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտում է եւ մենք այս կապակցությամբ բողոք ենք ներկայացնելու, որովհետեւ, ըստ էության, անձը զրկվում է ազատությունից եւ այս ազատությունից զրկումը կատարվում է ընդամենը երեք դատավորի որոշմամբ, որի պարագայում չի լինում քննարկում, չի լինում դատավարություն, որը կոպիտ խախտում է», - հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Այվազյանը ձերբակալվել է 2008-ի փետրվարի 24-ին: 2008-ի նոյեմբերի 19-ին նա երկու տարի ազատազրկման է դատապարտվել ապօրինաբար սառը զենք պահելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG