Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների երկու երրորդը կողմ է Լենինի աճյունի հուղարկավորմանը


Ռուսաստանցիների երկու երրորդը` 66 տոկոսը հանդես է գալիս Վլադիմիր Lենինի աճյունը հուղարկավորելու օգտին: Ընդ որում, 38 տոկոսը գտնում է, որ դա պետք է արվի անհապաղ, իսկ 28 տոկոսի համոզմամբ` «դեռ պետք է սպասել, մինչեւ հեռանա այն սերունդը, որի համար առաջնորդը թանկ է»:

Լենինի մահվան 85-րդ տարելիցի առիթով Ռուսաստանի 42 մարզերի 140 բնակավայրերում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների միայն 25 տոկոսն է կողմնակից, որպեսզի 1917 թվականի հեղափոխության առաջնորդի աճյունը միշտ պահպանվի Մոսկվայի Կարմիր հրապարակի դամբարանում, իսկ 41 տոկոսը սխալ եւ անբնական է համարում դա:

Lենինի աճյունը հուղարկավորելու օգտին են հանդես գալիս առավելապես Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի բնակիչները: Նրանց շուրջ 40 տոկոսը իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցության կամ Lիբերալ դեմոկրատական կուսակցության կողմնակիցներն են:

«Հասարակությունը պատրաստ է Lենինի հուղարկավորմանը: Դա անհրաժեշտություն է: Դա կխորհրդանշի հասարակության անցումը դեպի ազատության եւ ժողովրդավարության դարաշրջան», - BBC-ի ռուսական ծառայությանն ասել է «Մեմորիալ» կազմակերպության տնօրեն Արսենի Ռոգինսկին` հավելելով, որ այս հարցում պետք է ցուցաբերել «տակտ» եւ հուղարկավորումը չվերածել «ցուցադրական ակցիաների` Lենինին դեռ հավատացողներին չվիրավորելու համար»:

Ռուսաստանի կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը, սակայն, համոզված է, որ հարցման հրապարակված արդյունքները կեղծ են:

«Lենինը շարունակում է մնալ Ռուսաստանի թիվ մեկ դեմքը: Ոչ թե այսօրվա քրեականացված Ռուսաստանի, այլ այն Ռուսաստանի, որը հաղթել է պատերազմներում եւ ստեղծել գերտերություն: Lենինը կմնա այդպիսին ե’ւ 100, ե’ւ 200 տարի հետո», - հայտարարել է Ռուսաստանի կոմկուսի առաջնորդը:

Լենինի աճյունը հուղարկավորելու անհրաժեշտության մասին կարծիքները Ռուսաստանում հնչում են արդեն շուրջ 20 տարի` 1980-ականների վերջից:

Լենինի մահվան 85-ամյակը լրացավ այսօր:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG