Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման ստանձնեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, VIDEO


Երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացավ Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը: Իշխանությունը Ջորջ Բուշից անցավ Բարաք Օբամային, երբ Վաշինգտոնում կեսօր էր:

Միացյալ Նահանգների առաջին սեւամորթ նախագահի պաշտոնամուտի արարողության ընթացքին հետեւելու համար Վաշինգտոնի կենտրոնում, Կոնգրեսի շենքի` Կապիտոլիումի հարեւանությամբ ավելի քան 2 միլիոն մարդ էր հավաքվել:



Բարաք Օբաման օրը սկսեց ամերիկյան մայրաքաղաքի ավետարանչական եկեղեցիներից մեկում: Այստեղ կայացած արարողությունից անմիջապես հետո նա ընտրյալ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ մեկնեց Սպիտակ տուն` հանդիպելու պաշտոնից հեռացող Ջորջ Բուշի եւ Դիք Չեյնիի հետ:

Տեղական ժամանակով ժամը 10:30 Ջորջ Բուշը լքեց Սպիտակ տունը: ԱՄՆ-ի 43-րդ նախագահը չխախտեց ձեւավորված ավանդույթը` նախագահական գրասեղանի դարակներից մեկում ձեռագիր ուղերձ թողնելով երկրի հաջորդ ղեկավարի համար: Սպիտակ տան մամլո խոսնակ Դանա Փերինոն, սակայն, հրաժարվեց հրապարակել Բուշի ուղերձի բովանդակությունը:

Օբամայի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով Կապիտոլիումի աստիճաններին հավաքել էին ամերիկյան իշխանության բոլոր երեք թեւերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ երեք նախկին նախագահները` Ջիմի Քարթերը, Ջորջ Բուշ-ավագն ու Բիլ Քլինթոնը:

Երդման հանդիսավոր արարողության ժամանակ Օբաման ակնհայտորեն հուզվում էր, մի անգամ նա նույնիսկ շփոթեց երդման տեքստի բառերը:


Երդումից անմիջապես հետո Բարաք Օբաման հանդես եկավ մոտ 20 րոպեանոց ճառով, հայտարարելով, թե առաջիկա 4 տարիներին երկիրը կառավարելու է` հիմնվելով իրական ամերիկյան արժեքների` ազատության ու հավասարության վրա:

«Սա է մեր ազատության եւ մեր հավատի իրական իմաստը, այն, որ ամեն մի ռասայի ու կրոնի ներկայացուցիչ, ցանկացած կին, տղամարդ կամ երեխա կարող է մասնակցել մեր այս տոնակատարություններին: Սա է մեր իրական ազատությունը, երբ նման սրբազան երդում է ընդունում մի մարդ, որի հայրը ընդամենը 60 տարի առաջ նույնիսկ փոքրիկ ռեստորանում աշխատելու հնարավորություն հազիվ թե ստանար: Սա վկայում է, թե ինչ առաջընթաց է ապրել Ամերիկան», - հայտարարեց Միացյալ Նահանգների 44-րդ նախագահը:

Օբաման վստահեցրեց, որ իր վարչակազմի թիվ մեկ առաջնահերթությունը շարունակելու են մնալ քաղաքացիական ազատությունները: Նրա համոզմամբ` նույնիսկ երկրի անվտանգության ամրապնդումը չի կարող արդարացնել ազատությունների սահմանափակումը:

«Մենք մերժում ենք ընտրությունը մեր անվտանգության եւ մեր դավանած գաղափարների միջեւ: Դա կեղծ երկընտրանք է: ԱՄՆ-ի հիմնադիրները բախվում էին շատ ավելի լուրջ մարտահրավերների, որ մենք ի վիճակի չենք անգամ պատկերացնել, սակայն դրա հետ մեկտեղ` նրանք այնպիսի մի փաստաթուղթ հեղինակեցին, որով ամրագրվում էին օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Այս գաղափարները շարունակում են լուսավորել աշխարհը, եւ մենք իրավունք չունենք հրաժարվել դրանցից` այժմեական նպատակահարմարությունից ելնելով», - հայտարարեց Բարաք Օբաման:

Պաշտոնամուտի արարողությունից հետո Բարաք Օբաման առաջին տիկնոջ հետ միասին ընդունեց տոնական շքերթը: Բարաք եւ Միշել Օբամաները այնուհետեւ հազարավոր լրագրողների եւ հյուրերի ներկայությամբ պարեցին բեմահարթակում:




Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG