Մատչելիության հղումներ

logo-print
«Միացում» ազգային նախաձեռնությունն այսօր ցույց էր կազմակերպել արտգործնախարարության շենքի առջեւ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից պահանջելով ընդունել նախաձեռնության անդամներին եւ զգուշացնելով, իրենք ոչ մի պարագայում չեն հանդուրժելու «ազատագրված տարածքների զիջումը» Ադրբեջանին:

Ցուցարարները վանկարկում էին «Արցախ, Հայաստան, միացում», «Հող հանձնողը` դավաճան» կոչերը, երգում էին հայրենասիրական երգեր:

Ըստ նախաձեռնության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի՝ Էդվարդ Նալբանդյանն արդեն մեկուկես ամիս է չի ընդունում «Միացում» նախաձեռնության անդամներին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞ւ արտգործնախարարը չի ընդունում «Միացում» նախաձեռնության ներկայացուցիչներին, Ժիրայր Սեֆիլյանը ասաց. - «Ենթադրում եմ, որ ասելու բան չունեն: Իրենք երեւի տեղյակ են, որ դավաճանական ընթացքի մեջ են: Տարածք վերադարձնելու միտում այս ռեժիմի պարագլուխների մոտ եղել է եւ կա»:

Սեֆիլյանը նշեց, որ «Միացում» նախաձեռնությունը այսօրվանից Երեւանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներին ասելու բան չունի:

«Մեր խոսքը մերոնց հետ է», - ասաց Սեֆիլյանը: - «Համանախագահները իրենց երկրների շահերն են սպասարկում, իրենց գործն են անում»:

Դեկտեմբերին նախաձեռնությունը նամակ էր հղել արտգործնախարարին, որտեղ ասվում էր, թե «ազատագրված տարածքների հաշվին քննարկվող զիջումները ներկայիս պայմաններում» անխուսափելիորեն խարխլելու են Արցախի եւ Հայաստանի պաշտպանվածությունն ու ֆիզիկական անվտանգությունը, ուստի այդ բանակցությունների արդյունքը անընդունելի է լինելու հայության համար:

Նախարարին ուղղված նամակին պատասխանել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքները անփոփոխ են մնում, մասնավորապես, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, այն պետք է հայկական կողմի իրավազորության տակ գտնվող ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ եւ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:

Փոխարտգործնախարարի պատասխանը «Միացում» նախաձեռնությանը չի բավարարել, եւ նրանք պատրաստվում են շարունակել ցույցերը՝ նպատակ ունենալով ի վերջո հասնել արտգործնախարարի ընդունելությանը:

«Միացում» նախաձեռնության ակցիան այսօր եզրափակվեց երթով, որն ավարտվեց Հյուսիսային պողոտայում:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG