Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ – 2009»


Փետրվարի 14-ին կկայանա հայաստանյան մրցույթը: Թե Հայաստանից ով կմեկնի մրցույթին, պարզ կդառնա ժյուրիի եւ հեռուստադիտողի SMS քվեարկության արդյունքում:

«Եվրատեսիլ» մրցույթում hայաստանյան պատվիրակության ղեկավար Նարեկ Ադոնցը հայտնեց, որ արդեն ընդունվել է մոտ 20 հայտ` Արամե, Մհեր, Ինգա Անուշ Արշակյաններ, Տիգրան Պետրոսյան եւ այլոք: Ինչ վերաբերում է մրցույթում Հայաստանը ներկայացնող երգի ժանրին, Նարեկ Ադոնցը հավատացած է, որ որեւէ բան հնարավոր չէ կանխատեսել, քանի որ արդեն բավական բազմաժանր հայտեր են ստացել:

2009-ի համաեվրոպական երգի մրցույթը 54-րդն է, այս անգամ անցկացվում է Մոսկվայում: Նախորդ տարվա պես մասնակիցները կլինեն 43-ը, բայց 2 փոփոխություն գրանցվել է. Սան Մարինոյի անունն այս տարի չի հնչի մոսկովյան բեմում, փոխարենը 10 տարվա ընդմիջումից հետո «Եվրատեսիլ» կվերադառնա Սլովակիան: Ռուսաստանի հետ լուրջ տարաձայնությունները մի կողմ թողնելով` «Եվրատեսիլ»-ում կներկայանա նաեւ Վրաստանը` թեեւ նախապես հայտարարել էր հնարավոր բոյկոտի մասին:

Մայիսի 16-ին անկացվելիք եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք արդեն ունեն Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան:

Մայիսի 12-ին եւ 14-ին կկայանան կիսաեզրափակիչները, որոնց արդյունքում միայն 20 լավագույնները նշված 5-ի հետ միասին եզրափակիչում կձգտեն առավելագույն կերպով դուր գալ եվրոպացի հանդիսատեսին: Իսկ թե Հայաստանը կիսաեզրափակիչներից որին կմասնակցի, պարզ կդառնա միայն հունվարի 30-ի վիճակահանությունից հետո:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG