Մատչելիության հղումներ

logo-print
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետեւանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, շուրջ 4 հազար շենք է ավերվել, 50 հազար մարդ անօթեւան է մնացել: Ավերվել են քաղաքի ամբողջական թաղամասեր, կես միլիոն մարդ զրկված է խմելու ջրի ցանցից օգտվելու հնարավորությունից:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Իսրայելական օդուժի կողմից երեքշաբաթյա գնդակոծումից հետո Գազայի հատվածի վերականգնման համար, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, միլիարդավոր դոլարներ կպահանջվեն:

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը այցելում է Պաղեստին` ավերածությունների չափը տեղում գնահատելու համար:

Միաժամանակ, Արաբական Lիգայի երկրների ներկայացուցիչները հանդիպում են Քուվեյթում: Ակնկալվում է, որ նրանք կպայմանավորվեն 2 միլիարդ դոլար հատկացնել Գազայի հատվածի վերականգնման համար:

Անցած տարվա դեկտեմբերի 27-ից սկսված հակամարտության հետեւանքով զոհվել են շուրջ 1300 պաղեստինցիներ:

Իսրայելը հրադադար հայտարարեց անցած շաբաթավերջին, իսկ երեկվանից սկսեց զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից:

«Համաս» խմբավորման ղեկավարները հայտարարել են, թե պաղեստինցի ժողովուրդը համոզիչ հաղթանակ է տարել Իսրայելի նկատմամբ, իսկ Իսրայելը, իր հերթին, վստահեցնում է, որ Գազայի հատվածում իրականացրել է իր բոլոր ծրագրերը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG