Մատչելիության հղումներ

Ղազախստանում հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը


Կիրակի երեկոյան Ալմաթիում ծեծի է ենթարկվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության ինտերնետային էջի խմբագիր Էրմեկ Բոլթայը: Անհայտ անձինք երիտասարդ լրագրողի վրա հարձակվել են նրա տան մոտ, ապակյա շշով հարվածել գլխին եւ բռունցքներով ծեծել, մինչեւ նա կորցրել է գիտակցությունը:

Տեղի ունեցածը անկախ լրագրողի նկատմամբ հարձակման երկրորդ դեպքն է Ղազախստանում վերջին մեկ ամսվա ընթացքում, եւ անցած մեկ տարվա ընթացքում մամուլի նկատմամբ ոտնձգության չորրորդ դեպքը` Միջին Ասիայում:

«Հարձակումը Էրմեկի դեմ` իր աշխատանքը կատարելու համար, հարձակում է ոչ միայն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի, այլեւ Ղազախստանում մամուլի ազատության եւ առաջընթացի նկատմամբ», - հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը` Ղազախստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ քննել միջադեպը եւ ընդգծելով, որ 2010 թվականին այդ երկիրը ստանձնելու է ԵԱՀԿ-ի նախագահությունը:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ղազախստանը դասել է «ոչ ազատ» երկրների շարքում: Մեկ այլ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություն` Human Rights Watch-ը, վերջերս ընդգծել է, որ չնայած նշանակալի բարեփոխումների հույսերին` կապված Ղազախստանի կողմից 2010 թվականին ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելու հետ, այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում քիչ բարելավումներ են արձանագրվել 2008 թվականին:

Անցած տարվա ապրիլին Ղազախստանի կառավարության կողմից վերահսկվող Kaztelecom ընկերությունը 7 շաբաթ արգելափակել էր «Ազատություն» ռադիոկայանի անգլերեն եւ ղազախերեն կայքէջերը: Մի շարք ընդդիմադիր շարժումների կայքէջեր երկրում մինչ օրս արգելափակված են մնում:

«Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը հիմնադրվել է 1953 թվականին:
XS
SM
MD
LG