Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը այսօր հայտարարել է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի առաքումը վերսկսելու մասին:

Ընկերության խոսնակ Բորիս Սապոժնիկովը հայտնել է, որ գազի առաքումը վերսկսվել է վաղ առավոտյան, եւ Եվրամիության գլխավորած դիտորդական խումբը կարող է դիտարկել գազի հոսքը դեպի Ուկրաինա:

Գազի առաքման վերականգնումից մի քանի ժամ անց «Ուկրտրանսգազ» ընկերությունը հաստատել է, որ գազը արդեն հասնում է Ուկրաինա:

Ըստ փորձագետների, գազի առաքումը վերսկսելուց հետո վառելիքը Եվրոպա կհասնի երեք օրվա ընթացքում:

Երկուշաբթի օրը Ռուսաստանը եւ Ուկրաինան գազի մատակարարման եւ տարանցման վերաբերյալ 10 տարվա պայմանագիր են կնքել, իսկ ավելի ուշ բանակցություններ են կայացել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի եւ «Գազպրոմ»-ի պաշտոնյաների միջեւ:

Տիմոշենկոն երեկ հայտարարել էր, թե ակնկալում է, որ այս տարի Ուկրաինան հազար խորանարդ մետր գազի դիմաց Ռուսաստանին կվճարի 230 դոլար:

Այդուհանդերձ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ուկրաինան հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարելու է 360 դոլար, եւ այդ գինը կարող է փոխվել` կախված համաշխարհային շուկայում նավթի գնի փոփոխություններից:

2008 թվականին Ուկրաինան Ռուսաստանից հազար խորանարդ մետր գազը գնում էր 189,5 դոլարով:

Ռուսաստանը դադարեցրել էր գազի առաքումը Ուկրաինա այս տարվա հունվարի 1-ից` ուկրաինական կողմի ավելի քան 2 միլիարդ դոլար պարտքի եւ գազի նոր գնի շուրջ վեճի պատճառով: Մեկ շաբաթ անց Ռուսաստանը ամբողջովին դադարեցրել էր գազի մատակարարումը Եվրոպա` Ուկրաինային մեղադրելով Եվրոպայի համար նախատեսված գազը գողանալու մեջ, ինչը ուկրաինական կողմը հերքում էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG