Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման այսօր ստանձնում է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը


Այսօր Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին մեկնարկում է Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը:

Հիմնական իրադարձությունը տեղի կունենա Կոնգրեսի շենքի` Կապիտոլիումի մոտ: Նախ ելույթ կունենա ամերիկյան ռազմական նավատորմի նվագախումբը: Սահմանված կարգի համաձայն, առաջինն իր երդումը կարտասանի փոխնախագահ Ջո Բայդենը: Դրան կհաջորդի եւս մեկ կարճատեւ համերգ, որին կմասնակցեն Ջոն Ուիլյամսը, Իցհաք Փերելմանը, 3ո 3ո Ման, աշխարհահռչակ այլ երաժիշտներ:

Ապա իր հանդիսավոր երդումը կարտասանի ընտրյալ նախագահ Բարաք Օբաման: Երդումն ընդունելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը: Օբաման ձեռքը դնելու է այն Աստվածաշնչին, որի վրա երդմնակալության պահին ձեռքն է պահել Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը:

Երդումից հետո Բարաք Օբաման հանդես կգա իր պաշտոնամուտի ուղերձով: Կընթերցվի Էլիզաբեթ Ալեքսանդերի բանաստեղծությունը, նորընտիր նախագահին կօրհնի Ամերիկայի միացյալ մեթոդիստական եկեղեցու սպասավոր եւ իրավապաշտպան Ջոզեֆ Լոուրին:

Նավատորմի նվագախումբը կկատարի ամերիկյան օրհներգը: Նախագահ Բարաք Օբաման կճանապարհի այլեւս պաշտոնաթող նախագահ Ջորջ Բուշին եւ կուղեւորվի Կոնգրեսի շենք, որտեղ Քանդակների շքեղ սրահում նախատեսված է հանդիսավոր ընդունելություն եւ ճաշկերույթ: Այդ պահին էլ սկսվելու է պաշտոնամուտի շքերթը Փենսիլվանիա պողոտայով՝ Կապիտոլիումից մինչեւ Սպիտակ տուն:

Երեկոյան տեղի կունենան պարահանդեսներ, համերգներ եւ հանդիսավոր այլ միջոցառումներ:

Աշխարհի բոլոր հիմնական լրատվամիջոցները լուսաբանելու են այս իրադարձությունը: Այդ պահին Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգտոնի խիստ հսկվող փողոցներում եւ հրապարակներում կլինի մոտ երկուեւկես միլիոն մարդ:

Այդպես սկսվելու է նոր դարաշրջանը՝ առաջին սեւամորթ լիդեր Բարաք Օբամայի նախագահությունը, որի հետ հույսեր են կապում թե’ ամերիկացիները եւ թե’ մեծ թվով մարդիկ ամբողջ աշխարհում, ովքեր հավատում են, որ Օբամայի օրոք կավարտվեն պատերազմները եւ կհաղթահարվի համաշխարհային ճգնաժամը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG