Մատչելիության հղումներ

Բենիտա Ֆերերո-Վալդներ. «Հայաստանը պետք է կրկնապատկի բարեփոխումներին ուղղված ջանքերը»


Չափազանց կարեւոր է, որ, ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը, պատասխանատվություն ցուցաբերեն եւ ճիշտ ճանապարհ գտնեն առաջացած ներքաղաքական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

Անդրադառնալով Հայաստան - Եվրամիություն հարաբարություններին, եվրահանձնակատարը նշեց, որ Եվրամիության առաջարկած նոր՝ Արեւելյան գործընկերության ծրագիրը համագործակցության լավ առաջարկներ է ներկայացնում Հայաստանին, սակայն, ծրագրի մաս կազմելու համար երկիրը պետք է «կրկնապատկի բարեփոխումներին ուղղված ջանքերը»:

«Անելիք շատ կա հատկապես կառավարման որակի բարելավման գործում: Կարեւորվում է կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության խնդիրը պետք է լուծվի: Պետք է գործի անկախ դատավարական համակարգ», - ասաց Բենիտա Ֆերերո-Վալդները:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների վրա, Բենիտա Ֆերերո-Վալդները, մասնավորապես, ասաց. - «Դա շատ զգայուն հարց է, սակայն մենք հույս ունենք, որ իշխանություններն ու ընդդիմությունը, այնուամենայնիվ, կարող են այդ խնդիրը հարթել»:


Տիգրան Ավետիսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG