Մատչելիության հղումներ

logo-print

Կիրո Մանոյան. «Թուրքիայի փոփոխության չափանիշը Հայոց ցեղասպանության ճանաչումն է»


Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից երկու տարի անց կարելի է արձանագրել, որ ամբողջատիրական համակարգի պայմաններում Թուրքիայում տեղի ունեցած որոշակի փոփոխությունները կատարվել են ոչ թե ներքեւից եկող պահանջով, ինչպես Դինքն էր պատկերացնում, այլ բարեփոխումների կողմնակից քաղաքական ու մտավորական վերնախավի նախաձեռնությամբ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Մանոյանի խոսքով` Հրանտ Դինքի հետ Դաշնակցությունը համակարծիք էր մեկ հարցում` Թուրքիայի փոփոխության չափանիշը Հայոց ցեղասպանության ճանաչումն է:

«Այն օրը, որ Թուրքիան իսկապես անկեղծորեն, ամբողջությամբ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ օրը իսկապես կարելի է հավատալ, կամ, առնվազն, հույս ունենալ, որ Թուրքիան փոխվել է», - ասաց Մանոյանը: - «Կարծում եմ սա այն կարեւոր կետն էր, որ երբեմն Թուրքիայում ապրող Հրանտ Դինքի` իրենք իրենց այսպես կոչված ընկեր անվանողները, ընդհանրապես` թուրք մտավորականները, երբեմն անտեսում են»:

Հրանտ Դինքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ուրույն մոտեցում ուներ: Հայաստան կատարած իր վերջին այցելության ժամանակ` 2006-ի սեպտեմբերին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Ակոս»-ի խմբագրապետը կարծիք էր հայտնել, թե ցեղասպանության ճանաչմանը հասնելու լավագույն ճանապարհը Թուրքիայի` ժողովրդավարական երկիր դառնալն է, երբ ներքեւից պահանջ կլինի եւ թուրքական հասարակությունը առանց արտաքին ճնշումների կճանաչի ցեղասպանությունը:

«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG