Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը այցելել է Ղարաբաղ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ եւ կիրակի օրերին աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղում։ Վարչապետին ուղեկցել են պաշտպանության, տրանսպորտի եւ կապի նախարարները։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի նպատակն էր Հայաստանի եւ Ղարաբաղի կառավարությունների ընդլայնված կազմով նիստում անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում 2009 թվականի համագործակցության ծրագրերի համակարգման եւ իրականացվելիք աշխատանքների առաջնահերթությունների քննարկումը, ինչպես նաեւ տեղում Արցախի իշխանությունների հետ` ենթակառուցվածքների, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում համայնքների խնդիրներին ծանոթանալը, դրանց լուծմանը Հայաստանի հնարավոր օժանդակության հարցերի քննարկումը։

Տիգրան Սարգսյանը եղել է Ստեփանակերտում եւ Շահումյանի շրջանում, այդ թվում` շրջկենտրոն Քարվաճառում, զրուցել բնակչության հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի հետ Տիգրան Սարգսյանն այցելել է նաեւ Դրմբոնի «Բեյզ Մեթըլս» ընկերություն, հետաքրքրվել ընկերության աշխատանքի ընթացիկ վիճակով, 2009 թվականի ծրագրերով։

Ստեփանակերտում Հայաստանի կառավարության ղեկավարը Ղարաբաղի ղեկավարության հետ այցելել է պաշտպանության բանակի զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային, զրուցել նրանց հետ, սպայական անձնակազմի հետ հանդիպումներ ունեցել պաշտպանության բանակի շտաբում։ Ղարաբաղի պաշտպանության նախարարը ներկայացրել է բանակաշինության խնդիրներն ու զարգացման ծրագրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG