Մատչելիության հղումներ

logo-print
Հարյուրավոր երիտասարդներ ու մտավորականներ այսօր Թուրքիայում պատրաստվում են հարգանքի տուրք մատուցել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին` նշելով նրա սպանության երկրորդ տարելիցը:

«Այդ օրը սպանվեց եւ վիրավորվեց նաեւ մեր հասարակությունը, եւ մենք երբեք չենք մոռանա այդ ցավը», - թուրքական «Հուրիեթ» թերթին ասել է միջոցառումներից մեկի հեղինակը` «Բաշքա» մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Էյլեմ Աքայան:

«Դինքը մեր եղբայրն էր, ով պաշտպանում էր մարդկային եղբայրությունը եւ պայքարում էր այդ նպատակի համար: Նրա ցավը մեր ցավն է հիմա», - հայտարարում են թուրք արվեստագետները: Վերջիններս պատրաստվում են կամավորների օգնությամբ միջոցառում կազմակերպել Ստամբուլի փողոցներում, որի ընթացքում մարդիկ պետք է վայր ընկնեն, ինչպես ընկավ Դինքը` մարդասպան Օգյուն Սամասթի կրակոցից, մի քանի վայրկյան անշարժանան` «մինչեւ հոգին երկինք կհամբարձվի», ապա ոտքի կանգնեն եւ առաջ գնան` «ինչպես այսօր առաջ են գնում Դինքի գաղափարները»:

Շարունակվում է նաեւ Դինքի աջակիցների ու փաստաբանների պայքարը Թուրքիայի դատարաններում: «Տարիներ շարունակվող քննությունը, սակայն, առայժմ ցանկալի արդյունքը չի տալիս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:

«Դինքի ընտանիքը եւ աջակիցները, մասնավորապես, պնդում են, որ սպանությանը մեղսակից են նաեւ իրավապահ մարմինները, որոնք տեղյակ են եղել կազմակերպվող հանցագործության մասին, սակայն կա’մ թերացել են պաշտոնեական պարտականությունները կատարելիս, կա’մ միտումնավոր կերպով քայլեր չեն ձեռնարկել` մարդասպանությունը կանխելու համար: Պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը, սակայն, բավական դանդաղ է առաջ գնում` մի շարք օրենսդրական եւ ընթացակարգային խոչընդոտների պատճառով», - ընդգծեց Գոչունյանը:

Այս ուղղությամբ որոշակի առաջընթաց արձանագրվեց 2008 թվականի վերջին` սպանությունից գրեթե երկու տարի անց. ներքին գործերի նախարարության հետաքննությունը, մասնավորապես, հաստատեց, որ ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանցավոր անփութություն են դրսեւորել այս գործում: Դատախազությունը դեկտեմբերին գործ հարուցեց Տրապիզոնի ժանդարմերիայի ղեկավար, գնդապետ Ալի Օզի, կապիտան Մեթին Յըլդըզի եւ 7 այլ զինվորականների նկատմամբ, որոնք շուտով կանգնելու են դատարանի առաջ: «Եթե մեղադրանքն ապացուցվի, նրանց սպառնում է 6 ամսից մինչեւ 2 տարվա ազատազրկում», - հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG