Մատչելիության հղումներ

«7-ի գործով» դատական նիստը կրկին հետաձգվեց


Մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիր 7 գործիչների նկատմամբ դատական նիստը այսօր հերթական անգամ հետաձգվեց, ինչպես դատավորը պատճառաբանեց` մեղադրյալների ոտքի չկանգնելու պատճառով: Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 30-ին:



Դատական նիստի ավարտից անմիջապես հետո ոստիկանության պարեկապահակային ծառայության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ սկսեցին ուժ կիրառել դատարանի շուրջ հավաքված մարդկանց նկատմամբ, ովքեր պատրաստվում էին կտրել Արշակունյաց պողոտան եւ երթով շարժվել դեպի գլխավոր դատախազության շենք: Օպերացիան անձամբ ղեկավարում էր պարեկապահակային ծառայության հրամանատար, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը:

Մարդկանց քաշքշում էին, հարվածում: Մի կին դեմքին արյունոտ վնասվածքներ էր ստացել: «Կարմիր բերետավորները» խմբվում էին 5-6 շարքով եւ հրահանգով` սկսում հրել մարդկանց բազմությանը:

Այս իրավիճակը տեւեց մոտ 1 ժամ: Ի վերջո ոստիկանության ուժերը կարողացան երթի մասնակիցներին բաժանել երեք մասի եւ մարդկանց կամաց-կամաց հեռացրին Արշակունյաց պողոտայից:

Ավելի ուշ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ ցուցարարների մի մասը, այնուամենայնիվ, երթով հասել է մինչեւ գլխավոր դատախազության շենքը:

Ալեքսանդր Արզումանյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներ են առաջադրվել: Մյասնիկ Մալխասյանին մեղադրանք է ներկայացվել նաեւ ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու, Սասուն Միքայելյանին` ապօրինի զենք կրելու մեջ:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG