Մատչելիության հղումներ

Հունվարի 19-22-ը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան կայցելի Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` պատվիրակությունը Երեւան կժամանի երկուշաբթի օրը: Նախատեսված են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Էդվարդ Նալբանդյանի եւ Բենիտա Ֆերերո-Վալդների հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ ասուլիսը:

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում հանձնակատարը քննարկելու է նոր «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Եվրամիության արեւելյան հարեւանների հետ քաղաքական ներգրավվածության մակարդակի ընդլայնման վերաբերյալ առաջարկներ, Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի իրականացումը յուրաքանչյուր երկրի կողմից: Վրաստանում Բենիտա Ֆերերո-Վալդները կքննարկի 500 միլիոն եվրոյի ծրագրի իրականացումը, որն ուղղված է երկրի տնտեսության վերագործարկմանը եւ ռուս - վրացական պատերազմի հետեւանքով տեղահանվածների վերաբնակեցմանը: Հայաստանում եւ Ադրբեջանում հանձնակատարը կփորձի նոր թափ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին:

«Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը կարեւոր երկրներ են Եվրամիության համար, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք անել ավելին բարեփոխումների գործում նրանց աջակցելու համար, որոնք այդ երկրներին կբերեն բարգավաճում եւ կայունություն: Արեւելյան գործընկերությունը կոնկրետ օգնության հետ մեկտեղ ավելի սերտ քաղաքական եւ տնտեսական կապերի հեռանկար է առաջարկում, որը թույլ կտա օգտվել Եվրոպական հարեւանության քաղաքականության կողմից առաջարկվող առավելություններից եւ, որ առավել կարեւոր է այժմ` օգտվել գործընկերների եւ մեր էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման միջոցներից: Եվրամիության հետ հատուկ հարաբերություններն իրենցից ներկայացնում են առաջարկ այն երկրներին, որոնք ընտրել են բարեփոխումների ճանապարհը, մասնավորապես ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության բարելավման հարցերում», - այցից առաջ հայտարարել է Բենիտա Ֆերերո-Վալդները:

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ նա ասել է. - «Եվրամիությունը համոզված է, որ տարածաշրջանը երբեք չի կարող օգտագործել իր ողջ ներուժը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը մնում է չլուծված: Ես կցանկանայի քաղաքական առաջնորդներից լսել առաջընթացի հեռանկարի վերաբերյալ նրանց պատկերացումները»:

«Հայաստանում հանձնակատարը կողջունի հայաստանյան կառույցներում Եվրամիության փորձագետների նշանակման նոր նախաձեռնությունը, որոնք բարձրակարգ օժանդակություն պետք է ցուցաբերեն բարեփոխումների իրականացման Հայաստանի ջանքերին: Եվրամիությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում դատական համակարգի եւ լրատվամիջոցների ազատության ոլորտներում բարեփոխումների վրա: Օրակարգում, բնականաբար, որպես կարեւոր հարցեր կլինեն նաեւ Եվրամիության աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը», - ասված է Եվրահանձնաժողովի պատվիրակության հաղորդագրությունում:

Քանի որ ներկայումս Եվրամիությունը գտնվում է գազի հետ կապված ճգնաժամի մեջ, Ադրբեջանում, ըստ հաղորդագրության, «հանդիպումները մեծապես կենտրոնացված կլինեն էներգետիկ հարցերի եւ Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրամիություն գազի հարավային տարանցման ուղիների կառուցման հարցում Եվրամիության հետաքրքրվածության վրա»:

«Ադրբեջանի Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի իրականացումը, ԶԼՄ-ների ազատությունը, ինչպես նաեւ ազատ արտահայտվելու հնարավորությունը օրակարգում կարեւոր տեղ կզբաղեցնեն` հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության վերջերս կայացրած որոշումը չերկարացնել ազգային հաճախականություններով հեռարձակելու արտասահմանյան հեռարձակողների արտոնագրերը», - նշում է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակությունը:

Արեւելյան նոր գործընկերության վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկն իրենից ներկայացնում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի , Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ Եվամիության հարաբերությունների փոփոխություն: Այս գործընկերությունը նախատեսում է քաղաքական ներգրավվածության աստիճանի էական բարձրացում, Եվրամիության տնտեսության հետ հեռահար ինտեգրում, քաղաքացիների համար Եվրամիության տարածքով դյուրին ճանապարհորդելու հնարավորություն, էներգետիկ անվտանգության ընդլայնված միջոցառումներ, ինչպես նաեւ լրացուցիչ ֆինանսական օժանդակություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG