Մատչելիության հղումներ

Քրեակատարողական վարչությունը հերքում է ներման խնդրագրերի պարտադրումը դատապարտյալներին


Արդարադատության նախարարություն Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, գրավոր տեղեկացրեց, որ «համակարգի որեւէ աշխատակցի կողմից ոչ մի դատապարտյալի չի ներկայացվել պահանջ կամ խնդրանք` Նախագահին ներման միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ»: Դատապարտյալներից ոմանք, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հակառակն են պնդում:

«Այսօրինակ ապատեղեկատվության տարածումը, որոշ քաղաքական ուժերի կողմից կիրառվող այն հատուկ հնարքներից է, որոնցով փորձ է արվում քրեակատարողական ծառայությունը ներքաշել քաղաքական ինտրիգների մեջ», - ասված է Բաբայանի տրամադրած հաղորդագրությունում: - «Բոլորովին այլ խնդիր է, երբ քրեակատարողական ծառայության աշխատակիցները օրենքով սահմանված կարգով իրականացնում են իրենց պարտականությունները` դատապարտված կամ կալանավորված յուրաքանչյուր անձի իր իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելով»:

Ամիսներ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 1-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 2 տարվա պայմանական ազատազրկման: Այսօր, ըստ Դավիթ Համբարձումյանի, իրեն հրավիրել են նախ Սեւանի համապատասխան կառույց, ապա կանչել Երեւան` Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչություն:

«Դիմում գրիր, որ քեզ ներում շնորհեն», - իր պատմելով` ասել էին վարչությունում:

Համբարձումյանը հրաժարվել էր առաջարկվածից, քանի որ այդ դեպքում ինքը կընդուներ, որ մեղավոր է եղել:

Սա, պարզվեց, միակ դեպքը չէ: Հետընտրական իրադարձությունների առնչությամբ ձերբակալված, այնուհետեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2 տարի պայմանական ազատազրկման դատապարտված Վանաձորի բնակիչ Գրիշա Սիմոնյանին եւս նման առաջարկ է արվել: Մի գնդապետ, որի ազգանունը Սիմոնյանը չի հիշում, երեկ ուշ երեկոյան իրեն առաջարկել է դիմում գրել նախագահ Սերժ Սարգսյանի անունով, որպեսզի իրեն ներում շնորհեն:

«Ես ասացի, որ ինձ պետք չէ ներում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գրիշա Սիմոնյանը:

Հրայր Փենինյանը եւս հետընտրական իրադարձությունների առնչությամբ ձերբակալված, այնուհետեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2 տարի պայմանական ազատազրկման դատապարտված անձանցից է: Նա նույնպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հրաժարվել է առաջարկից:

1,5 տարի ազատազրկման դատապարտված Երկրապահ կամավորականների Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Հարությունյանը, ով պատիժը կրում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց կալանավայրում նույնպես առաջարկվել է խնդրագրեր գրել:

«Դա իրենց աշխատանքն է: Ինչպես տեսնում եմ` վերեւից պատվեր է», - ասաց նա` հավելելով. - «Կալանավայրի ղեկավարությունն էլ պետք է կատարի»:

Հարությունյանը հայտնեց, որ իրենք եւս մերժել են առաջարկը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG