Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. «Մենք նույնիսկ ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվելու դեպքում չենք ընկճվելու»


Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի ընկճվելու` եթե անգամ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի [ԵԽԽՎ] գալիք նստաշրջանում հայաստանյան պատվիրակությունը զրկվի ձայնի իրավունքից:

«Քանի որ ունենք կազմակերպված ծրագրեր, որոնք հընթացս կարողանում ենք կյանքի կոչել», - փաստարկեց նա:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Սահակյանը ասաց, որ իրենց կուսակցության որեւէ անդամ երբեւէ չի հայտարարել, թե ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանը ձայնից զրկելը երկրի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա:

«Մեզ համար, անշուշտ, հաճելի կլինի, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոց չգործադրի», - ասաց նա: - «Միեւնույն ժամանակ մենք չպետք է զիջումներ անենք երկրի անվտանգության հարցում»: Սահակյանն «այլ հարթությունից» համարեց հարցը, թե ինչ անվտանգության մասին է խոսքը:

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը նախօրեին սուր քննադատություն էր հնչեցրել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների, մասնավորապես պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ) հասցեին` մեղադրելով անգործության մեջ:

Հարցին, թե կիսում է արդյոք իր կուսակցի ու գործընկերոջ մոտեցումը, Գալուստ Սահակյանը արձագանքեց. - «Իհարկե, երեւույթը բնութագրում է տխուր եւ տհաճ պատմություն, եւ չեմ պատրաստվում միջնորդի դերակատարում ունենալ... Այո, մենք Եվրախորհրդում իրոք ունենք խնդիրներ, բայց դրանք անձնավորված չեն: Միգուցե մեր ներկայացուցչությունը կարելի է ընդայնել, ավելի գործուն մթնոլորտ ստեղծել, բայց մեղադրել անձին, նշանակում է գերագնահատել անձի կարողությունները»:

Գալուստ Սահակյաը համոզված չէ, որ վեհաժողովը Հայաստանին կզրկի ձայնի իրավունքից, քանի որ, իր խոսքերով, ավելի բարձր կարծիք ունի եվրոպական այդ կառույցի մասին: Այնուամենայնիվ, նա նկատեց, որ ԵԽԽՎ-ում աշխատաոճի որոշակի կատարելագործման կարիք կա:

«Եվրախորհրդի ընդհանուր քննարկման սցենարները նորացման կարիք ունեն, որովհետեւ երբեք ընդունելի չի կարող լինել մեզ համար այն, որ 15 հոգով կարող են նստել` 10 մարդու ձայնով մի մեծ պետության խնդիրներին արձագանքել եւ դա էլ մեզ համար ընդունելի լինի», - հայտարարեց Սահակյանը:

Գալուստ Սահակյանը նաեւ ասաց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում էին Եվրոպայի աջակցությամբ այստեղ գունավոր հեղափոխություն կատարել: 15 - 20 օր, ըստ Սահակյանի, եվրոպական հեռուստաընկերություններն իրենց թանկարժեք րոպեները տրամադրում էին այդ ուժերի «դեմարշներին»:

«Նրանց վրա մեծ փողեր են դրվել, ու հիմա էլ մեծ փողերով ուզում են ետ նահանջել», - ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ եթե նման խնդիր կա, կարելի է պարզ ասել Հայաստանի իշխանություններին. - «Կքննարկեն եւ որեւէ եզրահանգման կգան»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG