Մատչելիության հղումներ

logo-print

Human Rights Watch-ը Օբամային հորդորում է վերացնել Բուշի ժամանակաշրջանի հասցրած վնասները


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցում Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել մարդու իրավունքների պաշտպանությունը դարձնել իր քաղաքականության առաջնահերթություն եւ «վերացնել Ջորջ Բուշի նախագահության օրոք հասցված աներեւակայելի ավերները»:

Կազմակերպության Լոնդոնի գրասենյակի տնօրեն Թոմ Փորշուսն ասել է, թե Բուշի՝ ահաբեկչությանը հայտարարած պատերազմի ընթացքում մարդու իրավունքներն անտեսվել են, ինչի արդյունքում շատ կառավարություններ նույնպես աչք են փակել այդ խնդրի վրա:

«Բուշի նախագահության տարիներն աղետալի էին մարդու իրավունքների հարցում, որովհետեւ Միացյալ Նահանգներն իր հակաահաբեկչական քաղաքականությունն իրականացնելիս այդ իրավունքներն անտեսել է: Եվ դա աշխարհի ռեպրեսիվ ռեժիմներին հասցեագրված շատ վտանգավոր ուղերձ էր առ այն, որ առանց լուրջ հետեւանքների կարելի է ոտնահարել մարդու իրավունքները: Ուստի, մենք հորդորում ենք Բարաք Օբամային՝ փոխել այս իրավիճակը», - ասել է Փորշուսը:

Ըստ Human Rights Watch-ի փորձագետների, ԱՄՆ-ը հակաահաբեկչական պատերազմի ընթացքում ձերբակալվածներին նվաստացուցիչ պայմաններում է պահել, կտտանքների է ենթարկել, զրկել է իրավական օգնությունից, ինչը միանշանակ վկայում է մարդու իրավունքների ոտնահարման մասին: Այդպիսի վերաբերմունքի են ենթարկվել հատկապես Գուանտանամոյի ռազմակայանի բանտում պահվող կասկածյալները:

Թոմ Փորշուսի կարծիքով, անցած 8 տարիները նահանջի շրջան էին իրավապաշտպանների համար, սակայն իշխանափոխությունը Միացյալ Նահանգներին տալիս է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իր երբեմնի հեղինակությունը վերականգնելու հնարավորություն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG