Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը այսօր հրաժեշտի խոսքով կդիմի ամերիկացիներին


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը այսօր ամերիկացիներին կդիմի հրաժեշտի խոսքով: Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունից 5 օր առաջ Բուշը վերջին անգամ կդիմի ամերիկյան հանրությանը որպես երկրի ղեկավար:

Միացյալ Նահանգների 43-րդ նախագահը պաշտոնից հեռանում է աննախադեպ ցածր վարկանիշով` մոտ 30 տոկոս: CNN-ին տված հարցազրույցում, սակայն, Բուշն ասել է, թե պաշտոնավարման ընթացքում երբեք էլ սոցհարցումներին լուրջ ուշադրություն չի դարձրել:

«Ես այսօր նույն զգացումն ունեմ, ինչ այն ժամանակ, երբ իմ վարկանիշը 90 տոկոսից բարձր էր: Հասկացեք, հնարավոր չէ երկիրը կառավարել սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա հիմնվելով: Եթե զինվորականները, ասենք, զգան, որ Գերագույն գլխավոր հրամանատարը որոշումներ է կայացնում` հիմնվելով Gallup-ի հարցումների վրա, ապա նրանք շատ արագ կդադարեն կատարել նման հրամանատարի հրամանները», - հայտարարել է ԱՄՆ-ի գործող նախագահը:

Այդուհանդերձ, որքան մոտենում է Բուշի` Սպիտակ տանը հրաժեշտ տալու պահը, այնքան քննադատությունը նրա հասցեին ավելի է սաստկանում: Կոնգրեսում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը, օրինակ, հայտարարել է, թե «Բուշը վատթարագույն նախագահն է Միացյալ Նահանգների ամբողջ պատմության ընթացքում»:

Վերլուծաբանները նկատում են, որ Ջորջ Բուշը իր հաջորդին բավական ծանր ժառանգություն է թողնում` տնտեսական ճգնաժամ, անկայուն վիճակ Աֆղանստանում եւ Պակիստանում, լճացում` Ռուսաստանի հետ հարաբերություններում, եւ իհարկե` պատերազմ Իրաքում:

«Ես երբեք չեմ մտածել, որ Իրաքում գործողություն սկսելու որոշումը սխալ էր: Այո, եղել են պահեր, երբ ինձ թվում էր, թե Իրաքում մեր առաքելությունը ձախողման եզրին է, բայց երբեք չեմ մտածել, թե ընդհանրապես պետք չէր Իրաք զորքեր մտցնել», - ասել է ԱՄՆ-ի 43-րդ նախագահը:

Տնտեսական ճգնաժամի մասին էլ Բուշը նշել է, որ իր ընտանիքը եւս որոշակի ֆինանսական կորուստներ է կրել շուկաներում առկա անկայունության պատճառով: «Կորուստների կոնկրետ չափը մենք կքննենք հունվարի 20-ից հետո», - ասել է նա:

Իր հետագա ծրագրերի մասին Բուշը ասել է. - «Ես երեւի գիրք կգրեմ: Բացի այդ, մի շարք նախագծեր կան, որոնցում կցանկանայի ներգրավված լինել, օրինակ` աֆրիկյան պետություններում ՁԻԱՀ-ի ու մալարիայի դեմ պայքարը»:

Առաջին տիկին Lորա Բուշն էլ խոստանում է չդադարեցնել Աֆղանստանի կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը:Նա եւս խոստանում է իր հուշերը մի օր թղթին հանձնել:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG