Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Գնահատականներ տալու հարցում պետք է լինել շատ զգույշ»


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ առայժմ վաղ է պատասխան տալու համար հարցին, թե կան արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ:

«Այդպիսի գնահատականներ տալը վաղաժամ է, հատկապես` գործը դատարանում է», - ասել է նա: - «Դա աննպատակահարմար է, որովհետեւ կնշանակի ճնշում գործադրել դատարանի վրա: Ուստի գնահատականներ տալու հարցում այսօր ինչ-որ չափով պետք է լինել շատ զգույշ»:

Անդրադառնալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջանում հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը, Տիգրան Սարգսյանն ասում, թե ներքաղաքական հարցերը որոշելու են` ելնելով Հայաստանի, եւ ոչ արտաքին ուժերի շահերից:

«Եթե այդ շահերը համապատասխանում են, ապա` փառք Աստծո, իսկ եթե այդ շահերը չեն համապատասխանում, ապա, իհարկե, առաջնահերթը հանդիսանում են մեր ժողովրդի, մեր երկրի շահերը», - ասել է վարչապետը: - «Այս դիրքորոշման վրա էլ կկառուցվի մեր քաղաքականությունը: Ուժային ոչ մի ճնշումներ չեն կարող էֆեկտիվ լինել եւ չեն կարող հաջողություն բերել, որովհետեւ, եթե այսօր արտաքին ճնշումներին տեղի տանք, ապա վաղը արտաքին ճնշումներ կլինեն նաեւ ուրիշ նպատակներով, եւ մեր երկիրը կղեկավարվի ոչ թե Հայաստանից, այլ դրսից: Դրա համար մենք պետք է դիմակայենք քաղաքական ցանկացած ճնշումների»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG