Մատչելիության հղումներ

Վահագն Հարությունյան. «Այդ զենքը չի օգտագործվել»


Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված` ընդդիմության տարածած տեսաժապավենում զինվող անձնավորությունը հանդիսանում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող` վարորդ: Մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հավաստմամբ, այդ զենքը չի օգտագործվել:

Հատուկ քննչական ծառայության մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է այդ անձնավորությունը զինվում ավտոմատով, պատասխանեց. - «Նա հանդիսանում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող վարորդ: Նա ավտոմատով չի զինվում: Դա իր եւ իր ավագի կողմից թույլ տրված խախտումն է»:

Մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավարը պարզաբանեց, որ, ոստիկանության զորքերի տրամադրության տակ եղած տրանսպորտային միջոցները չեն բավարարել ընտրական զարգացումների ընթացքում ոստիկանության ուժերի մեծ ծավալով տեղաշարժերը պատշաճ կերպով կատարելու համար: Հաշվի առնելով այս հանգամանքը, ոստիկանությունը դիմել է պաշտպանության նախարարությանը` խնդրելով փոխադրամիջոցներ տրամադրել` պետականորեն պահպանվող օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար:

«Մասնավորապես, Պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներից այդ օրը ոստիկանությանը տրանսպորտային միջոցներ են տրամադրվել: Ըստ սահմանված կարգի, զորամասից տրանսպորտային միջոցները պարտադիր դուրս են գալիս շարասյան ավագի ուղեկցությամբ, որն իր մոտ հրազեն է ունենում... Տվյալ զենքը այդ շարասյան ավագին ամրակցված ինքնաձիգն է, որը փոխանցել էր վարորդին եւ որոշ կարճ ժամանակահատվածով հեռացել շարասյունից: Հետագայում, նորից վերադառնալով իր տեղը, նա հետ է ստացել իր ինքնաձիգը», - ասաց Հարությունյանը:

Մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավարը նաեւ հայտնեց, որ տեսանյութում պատկերված անձը, ինչպես նաեւ այդ շարասյան մյուս մեքենաների մեջ գտնվող վարորդները եւ նրանց ավագը մարտի 1-ին եղել են կառավարության շենքի մոտ եւ ամբողջ օրվա ընթացքում չեն տեղաշարժվել:

«Այդ զենքը առհասարակ չի օգտագործվել», - շեշտեց Վահագն Հարությունյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG