Մատչելիության հղումներ

Ռաֆիկ Պետրոսյան. «ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը մատը մատին չի տալիս»


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու սպառնալիքը Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը կապում է մի շարք հանգամանքների, այդ թվում` ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության թերի աշխատանքի հետ:

«Այս բոլորի մեջ մեղք ունի նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Եթե հիշում եք, Գեղամյանը, լինելով ընդդիմադիր, ինչ կրքոտությամբ էր պաշտպանում Հայաստանի շահերը», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետրոսյանը: - «Բայց մեր այս պատվիրակությունը, որը բարեբախտաբար, առաջին հերթին իշխանությունից է կազմված, ինձ թվում է` մատը մատին չի տալիս»:

«Մեկը, հասկանալի է, ընդդիմությունից է, մյուսը, լինելով հանրապետական, գոնե պետք է պաշտպանի հանրապետության շահերը: Ռուստամյանից բացի` մնացածները սրտացավ չեն աշխատում», - պնդեց Պետրոսյանը` կարծիք հայտնելով, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել:

Ռաֆիկ Պետրոսյանը վստահ է, որ Հայաստանը 90 տոկոսով կատարել է ԵԽԽՎ-ի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները, եւ այդ պայմաններում Եվրախորհրդի պահվածքը, պատգամավորի կարծիքով, միջամտություն է Հայաստանի ներքին գործերին:

Այդ 90 տոկոսի մեջ Ռաֆիկ Պետրոսյանը մտցնում է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով եւ Փաստահավաք խումբ ստեղծելը, խորհրդարանում ընդդիմության իրավունքներն ընդլայնող օրենքը, ինչպես նաեւ` «բազմաթիվ այլ միջոցառումներ հասարակության մեջ լարվածությունը թուլացնելու եւ փոխադարձ հանդուրժողականություն ապահովելու համար»:

Մարտյան զարգացումներից հետո «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում մտցված սահմանափակումների վերացման եւ «Ա1 պլյուս» հեռուստատեսությանը հաճախականություն տրամադրելու խնդիրները Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով, այն չլուծված հարցերն են, որ մնացել են ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները լիովին բավարարելու համար:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը, Ռաֆիկ Պետրոսյանի հիշատակած չկատարված խնդիրները առանցքային է համարում հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցում:

«Երբ կարդում ենք այդ պահանջները` բացել «Ա1պլյուսը», «Ցույցերի եւ հանրահավաքների մասին» օրենքը ամբողջությամբ վերադարձնել նախքան մարտին տեղի ունեցած փոփոխությունները եղած վիճակին, քաղբանտարկյալներին բաց թողնել, վերանայել ոստիկանների ցուցմունքներով դատապարտված մարդկանց գործերը, այդ պահանջները չեն կատարվել», - նշեց Բախշյանը:

Կալանավորներին ազատ արձակելու պահանջը Ռաֆիկ Պետրոսյանը համարում է միջամտություն Հայաստանի ներքին դատական գործընթացներին:

«Երբ կոնկրետ գործերով ասում են` այսինչ գործերում սրան բաց թողեք, դա միջամտություն է», - պնդեց Պետրոսյանը:

Ըստ Պետրոսյանի, ԵԽԽՎ-ն երկակի ստանդարտներ է կիրառում. հարեւան Ադրբեջանին, որը չի փայլում ժողովրդավարության մակարդակով, չի ցանկանում զրկել ձայնի իրավունքից, իսկ Հայաստանի համար արդեն նման առաջարկություն արվել է. - «Չեմ բացառում, որ եթե ապագայում այդպես շարունակվի, կարող է գալ մի պահ, երբ Հայաստանը, տեսնելով որ ոտնահարվում է իր ինքնիշխանությունը, նույնիսկ դուրս գա Եվրախորհրդից, բայց կարծում եմ, որ դա տեղի չի ունենա»:


Տաթեւիկ Լազարյան

(Լուսանկարը ` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG