Մատչելիության հղումներ

Զանգվածային անկարգություններ Ռիգայում


Անցած գիշեր զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Ռիգայում, որոնց հետեւանքով, լատվիական թերթերի փոխանցմամբ, 28 մարդ է վիրավորել: Ոստիկանության մամուլի խոսնակ Սիգիտա Պիլդավան հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել կամ բերման է ենթարկել 126 մարդու:

Երեկ երեկոյան Լատվիայի խորհրդարանի դիմաց զանգվածային հանրահավաք է անցկացվել` անկախության հռչակումից հետո առաջին զանգվածային ցույցը, որին մասնակցել է մոտավորապես 10 հազար մարդ:

Ընդդիմադիր կուսակցությունների, առեւտրային միությունների ու մի շարք հասարակական կազմակերպությունների կազմակերպած հանրահավաքի մասնակիցները, դժգոհելով, հիմնականում, սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումից, պահանջում էին կառավարության հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացում:

Ավելի ուշ հանրահավաքը վերածվել է անկարգությունների: Ցուցարարներից մի քանիսը փորձել են թափանցել խորհրդարանի շենքը, հետո սկսել են քարեր շպրտել` կոտրելով շենքի լուսամուտների ապակիները:

Ըստ միջազգային գործակալությունների հաղորդագրությունների` հարյուրավոր երիտասարդների ու ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ ու մահակներ են օգտագործել:

Lատվիայի տնտեսությունը շարունակում է անկում ապրել: 2008 թվականի երրորդ եռամսյակում երկրի տնտեսությունը ավելի քան 4,5 տոկոսով կրճատվել է նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատ:

Միջազգային ֆինանսական կառույցները, դոնոր երկրները դեկտեմբերին որոշել են Լատվիային 7,5 միլիարդ եվրոյի օգնություն ցուցաբերել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG