Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետը «բլեֆ» է որակում գործող վարչապետի հայտարարությունը


Խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու պատրաստակամության մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի որակմամբ` «բլեֆ է, սուտ», քանի որ «իշխանությունը երբեք չի կտրի այն գերանը, որի վրա նստած է»:

Լրագրողների հետ հանդիպմանը նախկին վարչապետը նաեւ «անհեթեթ» անվանեց հարկային վարչարարությունը բարելավելու իշխանության մտադրությունը, քանի որ 2009 թվականին, երբ «աշխարհում մոլեգնում է ֆինանսատնտեսական համընդհանուր ճգնաժամը, հարկ է մտածել ոչ թե վարչարարության, այլ, հակառակը` հարկային մեղմացումների մասին»:

Այդ մեղմացումները, անշուշտ, պետք է վերաբերեն միջին եւ մանր բիզնեսին, քանի որ հենց այս հատվածից է հավաքագրվում հարկային եկամուտների մեծ մասը: «75 տոկոսը տալիս է մանր ու միջին բիզնեսը, որը ունի տնտեսության մեջ 26 տոկոս տեսակարար կշիռ: Միայն 25 տոկոսն է տալիս խոշոր բիզնեսը` ներառյալ կորպորատիվ բիզնեսը», - ասաց Հրանտ Բագրատյանը` եզրահանգելով. - «Հասարակ ժողովուրդն է հարկերը տալիս»:

Նախկին վարչապետը, հիմնավորելով իր պնդումը, որ «ոչ ոք չի պատրաստվում լիարժեքորեն հարկել խոշոր բիզնեսը», ասաց. - «Խոշոր բիզնեսը հարկել, կնշանակի մտցնել պրոգրեսիվ եկամտահարկ... Իսկ այսպիսի բան չի ենթադրվում»:

«Խոշոր բիզնես հարկելը կնշանակեր այսօր արդեն մտցնել կապիտալի արտահանման հարկ», - շարունակեց Բագրատյանը: - «Իրենց իսկ տվյալներով, անցյալ տարի մեկ միլիարդ դոլար է արտահանվել երկրից: Մենք արդեն կամաց-կամաց տրանսֆերտներ ստացող երկրից դառնում ենք դոլար արտահանող երկիր: Այսօր մեկ շնչի հաշվով, իմ հաշվարկներով, դոլարի արտահանումը կազմում է 300 դոլար: Սա միակ ցուցանիշն է, որ համեմատելի է կապիտալիստական առաջադիմական երկրների հետ: Այ, եթե վարչապետը այդ ամեն ինչին զուգահեռ այս բոլորն ասեր, ես կասեի` մենք գործ ունենք լուրջ մի գործչի հետ»:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ խոշոր բիզնեսը լիարժեքորեն հարկելու` իշխանությունների մտադրությունը պետք է որ ողջունվի սոցիալիստական ուժերի կողմից: Հայաստանի սոցուժերի միությունը այսօր հերթական կլոր սեղան-կոնֆերանսն էր անցկացնում «ժողովրդավարական ուղի» կուսակցության գրասենյակում: Մասնակիցներից մի քանիսի հետ «Ազատություն» ռադիոկայանի ունեցած զրույցներից պարզ դարձավ, որ վարչապետի մտադրության անկեղծությանը նրանք, մեղմ ասած, չեն հավատում:

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, օրինակ, վստահ է, որ այս իշխանության օրոք նման բան չի կարող լինել. - «Եթե վարչապետը ասում է, թե խոշոր բիզնեսը բերելու է հարկային դաշտ, նշանակում է` օլիգարխները պետք է կանգնեն դատարանի առաջ... [Իսկ] օլիգարխ են բոլորը. ոչ թե միայն գործարարները, այլեւ երկրում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած մարդիկ»:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, մինչդեռ, համարում է, որ իշխանությունն իսկապես հարկման դաշտն արդարացիորեն կարգավորելու անկեղծ ցանկություն ունի:

«Ես համոզմունք ունեմ, որ ցանկությունը կա պետության կողմից, բայց համակարգը ինքը իներտ է եւ բարդ: Սա մշտական լարված աշխատանք է պահանջում եւ հետեւողական թիրախային հարված», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ղազարյանը:


Տիգրան Ավետիսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG