Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Մենք առայժմ չենք ձեւավորել մեր սեփական չափանիշները եւ վիճոմ ենք այն մասին, թե որքանով ենք համապատասխանում «եվրոպական չափանիշներին», որքանով են դրանք ճիշտ կամ սխալ, եւ որքանով են այդ չափանիշները կիրառողները անկեղծ կամ կեղծավոր: Իսկ գուցե փորձենք այդ ամենը մի կողմ թողնել եւ առաջնորդվենք եվրոպացիներից, ամերիկացիներից կամ չինացիներից «անկա՞խ» սկզբունքներով: Օրինակ, սահմանենք, որ մարդկանց չի կարելի քաղաքական հայացքների համար բանտում պահել, եթե նույնիսկ Պրեսկոտն ու Կոլոմբիեն դա չափազանց ողջունելի են համարում: Կամ` հեռուստաընկերությունների բովանդակությունը չպիտի գրաքննվի նախագահական նստավայրում»:

«Հայոց Աշխարհ»-ը պնդում է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի ներքաղաքական հակամարտության երրորդ կողմն է, եւ փաստարկում է. - «Նման անհաշտ դիմակայության պայմաններում ամիսներ շարունակ ԵԽԽՎ-ն որդեգրել էր մարտի 1-2-ի բռնությունների հեղինակներին իրենց համոզմունքների համար պայքար մղած քաղաքական գործիչներից տարանջատելու սկզբունքը։ Սակայն Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Թոմաս Համմարբերգի Հայաստան կատարած վերջին այցից հետո նկատվում է նման հավասարակշռված դիրքորոշման ակնհայտ փոփոխություն՝ հօգուտ հայաստանյան ընդդիմության։ Դրան հետեւած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը լուրջ անակնկալ մատուցեց Հայաստանի ղեկավարությանը՝ պահանջելով բանտարկյալների անհապաղ ազատումը եւ ակնարկելով, որ հակառակ պարագայում մեր երկիրը կարող է զրկվել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից։ Ավելին՝ եվրոպական որոշ պաշտոնյաների բառապաշարում «քաղբանտարկյալներ» արտահայտության կողքին հայտնվեց անգամ «վենդետտա» հասկացությունը, ինչը բուռն ոգեւորություն առաջացրեց ընդդիմության ճամբարում»:

«Չորրորդ իշխանությունը»-ը անդրադառնում է նույն խնդրին. - «Դատելով ամեն ինչից, Հայաստանի իշխանություններն արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ հունվարյան նստաշրջանում ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ է կիրառելու Հայաստանի նկատմամբ: Ոչ միայն համակերպվել է, այլեւ արդեն «էս գլխից» փորձում են ցույց տալ, թե ինչ թշնամական կառույց է այդ Եվրախորհուրդ կոչվածը, թե ինչ այլանդակ երկակի ստանդարտներով է առաջնորդվում այն, թե ինչպես են այդ սրիկա եվրոպացիները ձգտում իրենց կամքին ենթարկել մեր ազատատենչ ոգին եւ այլն: Կողքից նայողին կարող է թվալ, թե եվրոպակական բարբարոս հորդաները հարձակվել են Հայաստանի վրա, իսկ Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանի ու Աղվան Հովսեփյանի հետ ձեռք-ձեռքի տված, բարիկադների վրա ծածանում է ազատության դրոշն ու պատրաստ է նահատակվել վասն հայրենյաց»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Եթե հիմա ոմանք կարծում են, թե Հայաստանի ներկա ռեժիմը բաղկացած է բացառապես քինախնդիրներից, մի փոքր սխալվում են: Մոտ 100 քաղբանտարկյալներն ու քաղհալածյալները ոչ թե մեզ` Հայաստանի ժողովրդին ինչ-որ բան ապացուցելու համար են, այլ նրանց, ում 1988-ից ի վեր փորձում են ապացուցել ու չեն հաջողում, թե իրենք մինչեւ վերջ գնացող են: Ռեժիմի գեղջուկների կողմից այս մղձավանջային մեկ տարվա ընթացքում բազմիցս է բարձրաձայնվել, թե «այսինչ քաղկալանավորը իմ ընկերն է, եղբայրն է, զինակիցն է, բայց միեւնույն է»: Իրական ընկերոջը, եղբորը, զինակցին հենց այնպես, հանուն տղայական պատվախնդրության չեն լլկում: Կնշանակի` թիրախն ամենեւին էլ մենք չենք, ոչ էլ` մեր իդեալները: Սա պրեսկոտներին ու դեյվիսներին է ուղղված, թե «մենք պատրաստ ենք անգամ մեր ընկերոջը, եղբորն ու զինակցին զոհել, բայց ետ չենք կանգնելու միջազգային հանրությանը 1988-ից հայտարարած մեր պատերազմից»:

«Ազգ»-ին հարցազրույց է տվել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: «Ձեր ասած հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը չնպաստեցին ժամանակավոր հանձնաժողովի այն նիստերը, ուր խոսվում էին արյան լճակում խոճկորի ծնոտի մասին, կամ փոխոստիկանապետների` որոշ հակասական տարրեր պարունակող պարզաբանումները» հարցին Նիկոյանը պատասխանում է. - «Ես այդ կարծիքին չեմ։ Եթե կա մի կենտրոն, որն անընդհատ ինֆորմացիա կամ դեզինֆորմացիա է ուղարկում դեպի հասարակություն, ապա հանձնաժողովն այդ հարցերի պատասխանը պետք է տար, որովհետեւ, տեսեք, մինչեւ հիմա էլ հասարակության մեջ գտնվում են մարդիկ, որոնք կասկածում են` 10 զոհ է եղել, թե՞ շատ։ Հիշո՞ւմ եք` ինչ թվերի մասին էր խոսքը»։ Իսկ հարցին, թե իշխանության մեղքի բաժինն ի վերջո ո՞րն է այդ բոլորում, խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահը արձագանքում է. - «Անցյալ տարի, երբ դեռեւս հանձնաժողովը չէր ստեղծվել, երեք տեսակետ արտահայտեցի, եւ մնում եմ այդ տեսակետներին նույնիսկ այժմ, որպես հանձնաժողովի նախագահ, երբ ծանոթ եմ գրեթե բոլոր փաստերին. այն է` ստեղծված իրավիճակում մեղավոր են բոլորը, յուրաքանչյուրը պետք է իր մեղավորությունը փնտրի եւ փորձի շտկել։ Որեւէ սոցիալական դժգոհության, որեւէ անարդարության դեպքում մարդիկ գնում էին դեպի ընդդիմություն. պետք է աշխատել կարգավորել դժգոհություն ծնող խնդիրները, դժգոհություն առաջացնող հանգամանքները պետք է վերացնել։ Իշխանությունը երկրում տեղի ունեցող որեւէ իրադարձության համար պատասխանատու է։ Իշխանությունը պարտավոր է լինել մեծահոգի, զիջող, բայց իրավունք չունի պարտվելու` խոսքը անցյալ, գալիք եւ եկող իշխանություններին է վերաբերում։ Եթե որեւիցե մեկը փորձում է ստիպել իշխանությանը գնալ քայլերի, որոնք դիտարկվելու են որպես թուլության նշան, հստակ պետք է հասկանալ, որ այդպես չի կարող լինել։ Իսկ ընդդիմությունը փայլուն ձեւով մարդկանց սոցիալական, իրավական դժգոհությունը բերեց-հասցրեց հակասահմանադրական, հակաօրինական գործողությունների` մարտի 1-ի տեսքով։ Դա էլ, իմ կարծիքով, ընդդիմության մեղքն է։ Ես գտնում եմ, որ ամեն դեպքում այստեղ հաղթողներ եւ պարտվողներ չպետք է լինեն»։

lragir.am-ը վերլուծում է Հայաստանի ներկա իշխանությունների տրամաբանությունը. - «Նախկինում գրեթե չէր պատահի, որ Հայաստանի իշխանությունը ցուցաբերեր այդօրինակ հակասականություն։ Ասենք, վեր կկենար Ռոբերտ Քոչարյանն ու կհայտարարեր, որ «Եվրախորհուրդը պոլիտբյուրո չէ», ու վերջ` հարցը համակարգի համար փակված է, ու որեւէ մեկն այլեւս չէր խոսի հակառակի մասին, եթե նույնիսկ մտածեր անգամ։ Այժմ, Սերժ Սարգսյանը չի խոսում, թե ինչ է կամ ինչ չէ Եվրախորհուրդը, փոխարենը խոսում են բոլորը ու ասում տարբեր բաներ։ Դա հենց վկայում է, որ Հայաստանում փոխվել է իշխանության տրամաբանությունը, կամ իշխանությունը հինը կորցրել է, իսկ նորը դեռ չի կարողանում գտնել ու որոնումների մեջ է։ Թերեւս դրա համար էլ Սերժ Սարգսյանը ոչ մի խոսք փաստացի չի ասում, այլ հետեւում է, թե ինչ են ասում համակարգի ստորադրյալները, հասկանալու համար, թե ի վերջո որ մեկի տրամաբանության վրա արժե կանգ առնել, որ համակարգի համար ապահովել սեփական լեգիտիմությունը հետագայի համար»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG