Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կալանավայրերում մարդիկ իսկապես բռնությունների ենթարկվում են:

«Կարող եմ փաստել, որ իրոք խոշտանգման դեպքեր եղել են», - ասաց օմբուդսմենը, ում գրասենյակի արագ արձագանքման խումբը այսօր այցելել էր կալանավայր: - «Կարելի է երեք խմբի բաժանել այդ մարդկանց: Դեպքեր, երբ մարդիկ իրոք բողոքել են մեզ պաշտոնապես, եւ մենք դրանով զբաղվում ենք, օրինակ, Ոսկերչյանը, Վարդգես Գասպարին եւ այլն... Կան դեպքեր, երբ մեր տղաները տեսել են, որ հստակ խոշտանգման հետքեր կան, բայց [կալանավորները] մերժել են, ասել են` ընդամենը ընկել ենք. վախի պատճառով մարդիկ չեն ընդունում, որ խոշտանգման են ենթարկվել: Եվ կան մարդիկ, որոնք ասում են, որ իրենք ծեծի են ենթարկվել, բայց եթե իրենք հանկարծ պաշտոնապես բողոքեն մեզ, ապա խցում պրոբլեմներ կունենան մյուս կալանավորների հետ, որոնք մարտի 1-ի հետ կապված չեն: Քրեակատարողական հիմնարկներում, պետք է ասեմ, որ այդ վախի մթնոլորտը կա, եւ մարդիկ շատ դեպքերում վախենում են նշել, թե իրենց հետ այս կամ այն խոշտանգման երեւույթ է տեղի ունեցել»:

Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով ներման արժանացած` մարտի 1-ին դեպքերի կապակցությամբ դատապարտված ինը անձանց` ասելով, թե այդ մարդիկ ազատության մեջ էին դեռ անցած տարեվերջին եւ չբացառելով, որ նրանցից ոմանք խնդրագրերը գրել են ճնշումների ներքո:

«Զարմանալին այն է, որ առաջին անգամ երեք է հրապարակվել այդ ակտը, այն դեպքում, երբ այդ մարդիկ ազատության մեջ են հայտնվել մինչեւ նոր տարի», - պնդեց Խաչատրյանը: - «Բնականաբար, սա մի ֆարս էր, որով ուզում էին իբր ցույց տալ պրեսկոտներին, որ տեսեք` մենք ձեր բանաձեւերի պահանջները կատարում ենք»:

Նրա պնդմամբ, ներման խնդրագրեր ստորագրած 9 անձանցից 2-ը` Եղիշե Գրիգորյանը եւ Կարլեն Մանուչարյանը, ընդգրկված չեն եղել քաղբանտարկյալների ցուցակում, քանի որ դատապարտվել են թալանի ու կողոպուտի համար:

Ինչ վերաբերում է խնդրագրեր գրած մյուս անձանց, ապա Խաչատրյանի պնդմամբ, դեռեւս պարզ չէ, թե ինչ հանգամանքներում են այդ մարդիկ ներում խնդրել: Նրա խոսքով, անազատության մեջ գնտվողներին այդ քայլին են մղում տարբեր ճնշումների միջոցով - «Ընտանիք, առողջական վիճակ, երեխաներ, ստեղծված բանտային պայմաններ: Մենք վերջին ծեծերը բանտերում միանշանակ կապում ենք այս ներման խնդրագրեր ստորագրելու հետ»:

«Ստեղծում են կալանավայրում մի իրավիճակ, որ տղաները ստիպված լինեն խնդրագիր գրել», - պարզաբանեց նա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG