Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ը «Չարամիտ օղակ» վերնագրված խմբագրականում գրում է. - «Ապակառուցողականություն։ Սա, թերեւս, ամենամեղմ բառն է, որով կարելի է բնորոշել Հայաստանում տիրող վիճակը։ Ոչ միայն իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում, այլեւ ընդհանրապես, ներքաղաքական ողջ համայնապատկերում։ Պարզապես, եթե առաջին` իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում այդ ապակառուցողականությունը (դեստրուկտիվիզմ) տեսանելի է ու շոշափելի, ապա երկրորդ` ներիշխանական փոխհարաբերություններում դեռեւս անորոշ շատ բաներ կան»։ Ըստ թերթի` տրամաբանական հարց է, թե ինչո՞ւ իշխանությունը չի զրկում ընդդիմությանը քաղբանտարկյալների կռվանից. - «Իշխանության ներսում այս հարցին պատասխանում են` իսկ եթե համաներվողները չցանկանան համաներվե՞լ։ Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի՜ խայտառակ վիճակ իշխանության հեղինակության համար։ Ու նրանք բերում են մարտի 1-ի գործով կալանավորվածներից մի քանիսի օրինակը, որոնց ներման խնդրանքը ընդդիմությունը դիմավորեց այնպիսի անարգանքով, որ դժվար թե ուրիշները հետեւեն նրանց օրինակին... Մինչ այդ, ընդդիմությունը շարունակում է պահանջել արդարադատություն... չհարգելով դատարանը... Մինչ այդ, օրերը սահում են, ձայնազրկության ժամը մոտենում է։ Դրան է ձգտում ընդդիմությունը, դրանից չի փորձում խուսափել իշխանությունը։ Դեմ դիմաց, կոտոշ-կոտոշի»։

Թեման շարունակում է Գալուստ Սահակյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում։ Հարցին` ինչ-որ բան Եվրոպայի խորհրդո՞ւմ այն չէ, թե՞ մեր երկրում, նա պատասխանում է. - «Երկիրն ու միջազգային կառույցը չի կարելի նույնացնել, ես նկատի ունեմ Եվրախորհրդի որոշումների սցենարային մոտեցումները։ Եվրոպայի խորհուրդն այն կառույցն է, որը երկակի չափանիշներով պիտի չառաջնորդվի՝ քննելով այն խնդիրը, որը կապված է ընտրությունների եւ հետագա զարգացումների հետ։ Մենք առասպելական աշխատանք ենք արել այդ ուղղությամբ, եւ այն մոտեցումները, որ ձեւավորված են մեր մեջ, ավելի խորն են, քան դրանց կարող է միջամտել Եվրոպայի խորհուրդը»։ Իսկ հարցին` չե՞ք կարծում, որ եթե ազատազրկվածների մի մասն ազատ արձակվի՝ միջազգային այս կառույցի վերաբերմունքը մեր երկրի հանդեպ կփոխվի, Գալուստ Սահակյանը արձագանքում է. - «Ես դա սփոփիչ մի միտք եմ համարում, եւ նույնիսկ կալանավորների ազատ արձակվելով՝ հնարավոր չէ ջնջել այն երեւույթները, որ մեր երկրում կատարվեցին։ Պարզապես պետք է ելքեր գտնենք եւ հետագա զարգացումներն ապահովելու միջոցով ավելի կայուն մթնոլորտ ստեղծենք։ Ես չեմ կարծում, որ անձերի նկատմամբ վերաբերմունքի դրսեւորումները պետական մեծ գործոններ կամ գործիքներ են։ Ես գտնում եմ, որ իրադրությունն այնպիսին է, որ եթե մարդիկ մեղավոր են, պիտի պատժվեն, եթե մեղավոր չեն, պիտի ազատ արձակվեն, իսկ դա կարող են որոշել դատական մարմինները»։

lragir.am-ը մեկնաբանում է Հովիկ Աբրահամյանի նամակը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին. - «Չնայած ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունն իր «կաշին մտադիր չէ փոխել, այդուհանդերձ տեսանելի է, որ իսկապես կա ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկված լինելու անհանգստություն։ Հակառակ պարագայում Հովիկ Աբրահամյանը նման աղեկտուր նամակ չէր գրի եւ չէր նվաստանա եվրոպացիների առաջ։ Ավելին, նա այդ նամակով չէր նվաստանա Հայաստանի իշխանական համակարգի առաջ։ Չէ որ համակարգի ներկայացուցիչներն էլ մամուլում կարդում են նամակի պատառիկները եւ տեսնում, թե ինչքան է վիճակը վատ, որ հայկական իշխանական համակարգի հեղինակություններից մեկը` Հովիկ Արգամիչը, այդօրինակ խնդրագիր է ուղղում ինչ-որ ԵԽԽՎ անդամ պետությունների ինչ-որ խորհրդարանների ինչ-որ նախագահների, որոնք իրենց ամբողջ կյանքում ասենք երեւի թե ոչ միայն 1000 դոլարանոց շամպայն, այլ նույնիսկ 1000 դրամանոց հյութ էլ խմած չկան։ Հետեւաբար, Հովիկ Աբրահամյանն իր այդ նամակով կարող է բավական հեղինակազրկվել սեփական համակարգի առաջ։ Աբրահամյանը չէր կարող չգիտակցել դա։ Իսկ եթե այդուհանդերձ նա գնացել է նամակի քայլին, ուրեմն պատկերացնել կարելի է, թե Հայաստանի ղեկավարությունն իրապես որքան է անհանգստացած ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվելու հեռանկարից, որ պատրաստ է այդ հեռանկարը կանխել անգամ սեփական համակարգում հղինակազրկվելու գնով»։

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Օրերս ադրբեջանական «Մեդիաֆորի» կայքէջում հայտնվեց 2008 թվականի վերջերին Գյումրիի ռուսական հենակետի կողմից Հայաստանին 800 միլիոն դոլարի սպառազինություն տրամադրելու մասին կասկածելի տեղեկատվությունը ու նրան կցված «ցուցակը»։ Միանգամից նշենք, որ հրապարակված «ցուցակը» լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Բացակայում են ինչպես զենքերի ու սպառազինությունների տրամադրման ամսաթիվը, այնպես էլ հանձնողի ու ստացողի ստորագրությունները։ Հասկանալի է, որ նախագահ Իլհամ Ալիեւի ամանորյա ելույթից հետո, որում վերջինս փորձեց հիմնավորել պատերազմի ճանապարհով «օկուպացված տարածքները» հետ բերելու Ադրբեջանի իրավունքը, Հայաստանի սպառազինման մասին վկայող նման «փաստաթղթի» հրապարակումը կարող է սառը ցնցուղի տպավորություն գործել ադրբեջանական հասարակության վրա»։

«168 ժամ»-ի համար հատուկ հարցազրույց է տվել ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը։ «2008 թվականի օգոստոսին Վրաստանի իրադարձություններից հետո Հայաստանը ստորագրեց ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը, որը բավական կոշտ քննադատություն էր պարունակում ՆԱՏՕ-ի հասցեին։ Ձեզ չի՞ հուզում այն փաստը, որ Հայաստանը մի կողմից խորացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, մյուս կողմից` անդամակցում է դաշինքի քաղաքականության նկատմամբ իր դժգոհությունը չթաքցնող կազմակերպությանը». թերթի այս հարցին Վոլքերը պատասխանում է. - «Իհարկե, ՀԱՊԿ հայտարարությունը մեզ հիասթափեցրեց։ Մենք բոլորովին համաձայն չենք վրացական իրադարձություննգրի` ՀԱՊԿ-ի մեկնաբանության հետ։ Կցանկանայի՞ ես արդյոք, որպեսզի Հայաստանը չմիանար այդ սուր հայտարարությանը։ Այո։ Կա՞ն արդյոք ՆԱՏՕ-ի շարքերում անդամներ, որոնք կարող են համարել, որ դրա արդյունքում Հայաստանը հայտնվել է պակաս նպաստավոր դիրքում։ Հավանաբար, այո։ Սակայն ես ուշադրություն եմ դարձնում այն հանգամանքին, որ նույնիսկ վրաստանյան ճգնաժամից հետո Հայաստանը հստակ արտահայտվեց ՆԱՏՕ-ի հետ իր լավ հարաբերությունների վերաբերյալ պարտավորությունների նկատմամբ հավատարմության մասին»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG