Մատչելիության հղումներ

logo-print

Ջորջ Բուշ. «Դեռ կա թշնամի, որը կցանկանար վնասել Ամերիկային ու ամերիկացիներին»


Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջորջ Բուշը համաձայն չէ, թե Իրաքյան պատերազմը սասանել է ԱՄՆ-ի հեղինակությունը: Այդ մասին նա հայտարարել է երեկ կայացած` նախագահի պաշտոնում իր վերջին ասուլիսում:

Զգուշացնելով ընտրված նախագահ Բարաք Օբամային Միացյալ Նահանգների դեմ նոր ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին` Բուշը, մասնավորապես, ասել է. - «Դեռ կա թշնամի, որը կցանկանար վնասել Ամերիկային ու ամերիկացիներին: Եվ դա կլինի լուրջ սպառնալիք»:

Հեռացող նախագահի հավաստմամբ` իր վարչակազմի ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ «Սեպտեմբերի 11»-ը չկրկնվեց:

Միաժամանակ, Բուշը խոստովանել է, որ 2003 թվականին սխալվել է` ելույթներից մեկում հայտարարելով «առաքելության ավարտի եւ ամերիկյան զինված ուժերը Իրաքից դուրս բերելու մասին»:

Իրաքյան պատերազմի այլ «հիասթափությունների» թվում ԱՄՆ-ի գործող նախագահը մատնանշել է ամերիկացի զինծառայողների կողմից իրաքցի բանտարկյալների նվաստացումների հետ կապված սկանդալը եւ Իրաքում զանգվածային ոչնչացման զենք չհայտնաբերելը:

Խոսելով տնտեսական ճգնաժամի մասին` Ջորջ Բուշը պատրաստակամություն է հայտնել Կոնգրեսին դիմել հակաճգնաժամային փաթեթով նախատեսված շուրջ 700 միլիարդ դոլար գումարի երկրորդ մասի հատկացման խնդրանքով. ընտրված նախագահ Բարաք Օբամայի կարծիքով` 350 միլիարդ դոլարը պետք է բաշխվի ամերիկյան տնտեսության առավել կարիքավոր սուբյեկտների միջեւ:

Բուշը իր լիարժեք աջակցությունն է հայտնել Օբամային` նրան բնորոշելով որպես «հասկացող, տաղանդավոր, հմայիչ» գործիչ:

Բարաք Օբամայի պաշտոնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին: Ջորջ Բուշը նախագահի պաշտոնում վերջին հեռուստաուղերձով ժողովրդին կդիմի հունվարի 15-ին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG