Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վերականգնում է գազի մատակարարումը Եվրոպա


«Գազպրոմ»-ը վերականգնել է Ուկրաինայի տարածքով բնական գազի մատակարարումը Եվրոպա: Ռուսաստանյան ընկերությունը հայտնել է, որ այսօր առավոտյան 76 միլիոն խորանարդ մետր գազ է առաքել խողովակաշարով:

Եվրոպայի գազամատակարարումը վերականգնվեց գազի հոսքի դիտարկման վերաբերյալ Եվրամիության միջնորդությամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ձեռք բերված համաձայնությունից հետո:

Ըստ փորձագետների` եվրոպական սպառողներին վառելիքը կարող է հասնել երեք օրվա ընթացքում:

Միաժամանակ, Ռուսաստանը դեռեւս գազ չի առաքում Ուկրաինա, քանի որ երկու երկրների միջեւ վեճը առայժմ լուծում չի ստացել:

Հունվարի 1-ին «Գազպրոմ»-ը դադարեցրեց գազի մատակարարումը Ուկրաինային` պահանջելով վճարել կուտակված ավելի քան 2 միլիարդ դոլար պարտքը, եւ մի քանի անգամ թանկացրեց Կիեւին մատակարարվող գազի գինը: Ի պատասխան` Ուկրաինան սպառնաց բարձրացնել իր տարածքով ռուսական գազի տարանցման գինը:

Ռուս-ուկրաինական վեճի պատճառով եվրոպական շուրջ մեկեւկես տասնյակ երկրներ կանգնած էին էներգետիկ ճգնաժամի սպառնալիքի առջեւ: Ուկրաինային մեղադրելով Եվրոպայի համար նախատեսված գազը գողանալու մեջ` Ռուսաստանը հունվարի 7-ից ամբողջովին դադարեցրել էր գազի մատակարարումը Եվրոպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG