Մատչելիության հղումներ

Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նախկին խորհրդային երկրներում, անցյալ տարվա ընթացքում գրանցվել է ազատության ապահովման անկում: Այդ մասին ասված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից քիչ առաջ հրապարակված «Ազատությունն աշխարհում - 2009» զեկույցում:

Ըստ զեկույցի, Հայաստանում կենտրոնական իրադարձությունը՝ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունն էր եւ դրան հաջորդող դեպքերը: Freedom House-ի հետազոտությունների բաժնի տնօրեն Քրիսթոֆեր Ուոքերը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Հայաստանի քաղաքական իրավունքների վարկանիշը անկում է գրանցել՝ 5-ից իջնելով 6-ի:

Դա, ըստ Ուոքերի, նախեւառաջ պայմանավորված է ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններով, որոնց ընթացքում զոհվել է 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:

«Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշով Հայաստանը պահպանել է իր ունեցած 4 միավորը եւ ընդհանուր հաշվով վերստին համարվում է մասամբ ազատ երկիր:

Զեկույցը «Վիճելի տարածքներ» բաժնում անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղին, որը ինչպես քաղաքական իրավունքների, այնպես էլ քաղաքացիական ազատությունների ցուցանիշներով ունի 5-ական միավոր եւ համարվում է մասամբ ազատ:

Հայաստանի հարեւաններից առաջատարը Թուրքիան է՝ երկու ցուցանիշներով 3-ական միավորով համարվում է մասամբ ազատ: Վրաստանն ունի 4-ական միավոր եւ մասամբ ազատ է, Ադրբեջանում քաղաքական իրավունքները գնահատված են 6 միավոր, քաղաքացիական ազատություններ՝ 5 միավոր, ընդհանուր գնահատականը՝ ոչ ազատ, Իրանը ստացել է երկու ցուցանիշով 6-ական միավոր եւ ոչ ազատ է:

Տարածաշրջանում միայն Թուրքիան է համարվում ընտրովի ժողովրդավարության երկիր: Հայաստանն այս տեսակետից 1995-98 թվականներին չի համարվել ընտրովի ժողովրդավարություն, 1999-2002 թվականներին ճանաչվել է այդպիսին, սակայն 2003-ից մինչեւ 2008 թվականը վերստին զրկվել է ընտրովի ժողովրդավարության կարգավիճակից:

Հարեւանների հետ առնչություն ունեցող «վիճելի տարածքներից» ազատ է համարվում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, մասամբ ազատ է Աբխազիան, իսկ Հարավային Oսիան ոչ ազատ է:

Freedom House-ի «Ազատությունն աշխարհում - 2009» զեկույցում ամփոփված են 2008-ի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը տեղի ունեցած զարգացումները: Ընդգրկված է 193 երկիր, որոնցից ազատ են 89-ը, այսինքն` բոլոր երկրների 46 տոկոսը, մասամբ ազատ են 62-ը կամ 32 տոկոսը, ոչ ազատ են 42-ը կամ 22 տոկոսը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG