Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը քննադատել է Պուտինի կառավարությանը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը քննադատել է վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորած կառավարությանը` տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի իրականացման գործում ցուցաբերած դանդաղկոտության համար: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Մեդվեդեւը հայտարարել է, որ երեք ամիս առաջ հայտարարված հակաճգնաժամային միջոցառումների ընդամենը 30 տոկոսն է իրականացվել:

Միջազգային ֆինանսական ճգնաժամի եւ նավթի գների անկման հետեւանքով ռուսաստանյան տնտեսությանը լուրջ վնաս է պատճառվել: Ռուսական արժեթղթերի շուկան մոտ 70 տոկոսի անկում է արձանագրել, իսկ ռուբլու փոխարժեքը ամերիկյան դոլարի եւ եվրոյի նկատմամբ նվազել է 17 տոկոսով: Մի շարք խոշոր ռուսաստանյան ընկերություններ հայտարարել են աշխատակազմի կրճատումների մասին:

Հոկտեմբերին Մեդվեդեւը հայտարարել էր, որ կառավարությանը հանձնարարել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնել, որոնք պետք է կայունացնեին իրավիճակը: Երեկ Ռուսաստանի նախագահը փաստել է, որ նախատեսված միջոցառումների ընդամենը 30 տոկոսն է իրականացվել վարչապետ Պուտինի կառավարության կողմից:

Ռուսաստանի ներկա նախագահը մինչ այժմ նման սուր քննադատությամբ հանդես չէր եկել նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG