Մատչելիության հղումներ

Վաղը կվերականգնվի Հայաստանի գազամատակարարումը


Հայաստանի գազամատակարարումը, որ դադարեցվել էր անցած շաբաթավերջին Վրաստանի տարածքում Ղազախ-Սագորամո 1000 միլիմետր տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների կապակցությամբ, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, ամբողջ ծավալով կվերականգնվի երեքշաբթի օրը:

«Ըստ մեր տեղեկությունների, այնտեղ գրեթե ավարտված են աշխատանքները, եւ նախնական տեղեկատվության համաձայն, մինչեւ երեկո կվերսկսվի, իսկ վաղը առավոտյան ամբողջ ծավալով կվերականգնվի հանրապետության գազամատակարարումը», - ասաց նա:

Սարդարյանի խոսքով, «Հայռուսգազարդ»-ի մասնագետները, ովքեր մասնակցել են վերանորոգման աշխատանքներին, դեռեւս գտնվում են Վրաստանում:

«Կովկաս պրես» գործակալության փոխանցմամբ` Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին հաստատել է իր երկրի տարածքով դեպի Հայաստան գազամատակարարման մոտալուտ վերականգման մասին լուրը:

«Գազատարի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին եւ հավանաբար այս երեկո գազի մատակարարումը կվերսկվի», - լրագրողներին ասել է Վրաստանի էներգետիկայի նախարարը:

Վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում հանրապետության գազամատակարարումը իրականացվել է ստորգետնյա գազապահեստարանի հաշվին:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG