Մատչելիության հղումներ

«Գազպրոմ». «Ուկրաինան վերաստորագրել է գազի պայմանագիրը»


Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը տեղեկացրել է, որ Ուկրաինան այսօր վերաստորագրել է Եվրոպային գազ մատակարարելու պայմանագիրը առանց հավելյալ պայմանների:

Հանգստյան օրերին, Եվրամիության միջնորդությամբ, երկու երկրների միջեւ պայմանագիր էր ստորագրվել` ռուսական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա մատակարարելու վերաբերյալ, սակայն Ռուսաստանը պայմանագիրը չեղյալ էր հայտարարել, պնդելով, որ Ուկրաինան, առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու, փոփոխություններ է մտցրել համաձայնագրում:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, «Գազպրոմ»-ի տարածած տեղեկատվության համաձայն, ընկերության ներկայացուցիչները այսօր վաղ առավոտյան բանակցություններ են վարել Կիեւի հետ, որոնց արդյունքում պայմանագիրը վերակնքվել է «առանց հավելյալ դրույթների»:

Հունվարի 1-ին Ռուսաստանը դադարեցրել է գազամատակարարումը Ուկրաինային` այդ երկրի կողմից օգտագործված գազի դիմաց կատարվելիք վճարումների, ինչպես նաեւ հետագա մատակարարումների գնի շուրջ ծավալված վեճի արդյունքում:

Անցյալ չորեքշաբթի Ռուսաստանը նաեւ կասեցրեց Ուկրաինայի տարածքով գազամատակարարումները Եվրոպա` Ուկրաինային մեղադրելով իր տարածքով անցնող տրանզիտային գազի գողության մեջ: Ուկրաինան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG