Մատչելիության հղումներ

Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել մի շարք բարձրաստիճան զինվորականների


Թուրքական «Էրգենեկոն» խմբավորման աղմկահարույց գործի շրջանակներում Թուրքիայի դատարանը հանգստյան օրերին մեղադրանք է առաջադրել 1 տասնյակից ավելի մարդու` ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ պետական հեղաշրջում ծրագրելու հատկանիշներով: Նրանց թվում են նախկին ոստիկանապետը, թուրքական բանակի պաշտոնաթող գեներալներ, բարձրաստիճան զինվորականներ:

Շաբաթ օրը մեղադրանք առաջադրվեց 4 հոգու, երեկ` եւս 9-ին: Նրանցից մեկը պաշտոնաթող գեներալ Քեմալ Յավուզն է, որը վերջին շրջանում հանդես էր գալիս կառավարության դեմ ուղղված խիստ քննադատական հարցազրույցների շարքով: Ընդհանրապես, ըստ թուրքական լրատվամիջոցների, բոլոր մեղադրյալները աշխարհիկ կարգերի կողմնակիցներ են:

Անցյալ շաբաթվա կեսերին վերսկսված օպերատիվ գործողությունների արդյունքում «Էրգենեկոնի գործով» ձերբակալվեց շուրջ 40 մարդ, այդ թվում` Ստամբուլի նախկին քաղաքապետ Բեդրեթին Դալանը, նախկին գլխավոր դատախազ Սաբիհ Քանադօղլուն:

«Ֆրանսպրես» եւ «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունների փոխանցմամբ, թուրքական դատարանը երեկ միաժամանակ որոշել է ազատ արձակել կասկածյալներից 10-ին:

Միաժամանակ հաղորդվում է, որ շաբաթավերջին Թուրքիայի մի շարք շրջաններում իրականացված օպերատիվ գործողության արդյունքում Անկարայի շրջակայքում հայտնաբերվել է գաղտնի զինապահեստ: Ենթադրվում է, որ ձերբակալվածներն առնչություն ունեն դրա հետ:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները ձերբակալությունները համարում են քաղաքական հետապնդման դասական օրինակ եւ հայտարարում են, որ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը պարզապես հաշվեհարդար է տեսնում այն բոլոր անձանց հետ, ովքեր երբեւիցե քննադատել են իշխանություններին:

Վարչապետ Էրդողանը, ելույթ ունենալով «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության հավաքի ժամանակ, ընդդիմադիրներին խորհուրդ է տվել չմիջամտել քրեական գործընթացներին:

«Էրգենեկոն» անվանումը կրող ընդհատակյա ցանցի շուրջ սկանդալը սկիզբ առավ 2008 թվականի գարնանը: Թուրք իրավապահները պնդում են, թե «Էրգենեկոն»-ը պաշտոնաթող զինվորականներից, ինչպես նաեւ լրագրողներից ու գործարարներից կազմված ընդհատակյա կազմակերպություն է, որը ծրագրում էր 2008-ի երկրորդ կեսին պետական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում:

Գործի շրջանակներում ձերբակալվածների թիվն այժմ անցնում է 100-ից:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG