Մատչելիության հղումներ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող (ԴԱՀԿ) ծառայությունը վերսկսում է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության աճուրդը: Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կմեկնարկի հունվարի 23-ին:

ԴԱՀԿ ծառայությունը երեկ Հյուսիսային քաղաքացիական դատարանից ստացել է գրություն, համաձայն որի` դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 30-ի վճռով «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության սնանկության գործն ավարտվել է, եւ նույն օրը վճիռը օրինական ուժի մեջ է մտել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն սնանկ ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը ավարտելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է նույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված կասեցումները վերացնելու համար», - ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարի փոխանցմամբ` ասված է դատարանից ստացված գրությունում:

Ըստ այդմ, ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնում վերսկսվել են «Բջնի»-ին վերաբերող վարույթները: Աճուրդի մեկնարկի մասին որոշումը ուղարկվել է պարտապան եւ պահանջատեր կողմերին:

«Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» գործարանում ստուգումները սկսվել են 2007 թվականի նոյեմբերից: 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ է կայացրել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, նույն ամսին ԴԱՀԿ ծառայությունը «Բջնի» գործարանում գույքագրում է կատարել եւ գույքը կալանքի տակ առել: Հոկտեմբերի 23-ին գործարանը փակվեց, դադարեցվեց արտադրությունը, քանի որ անհնար համարվեց հետագա գործունեությունը:

Դեկտեմբերին հայտարարված աճուրդով վաճառքի էր հանված ընկերության` «Բջնի» գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասը` իր հոսքագծերով, նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշների իրավունքը: Աճուրդ հայտարարելուց հետո, սակայն, ԴԱՀԿ ծառայությունը ստացել էր Հյուսիսային քաղացիական դատարանի գրությունը, համաձայն որի` «Սատուրն Շինմոնտաժ» ընկերության կողմից հայց էր ներկայացվել «Բջնի» ընկերությունը սնանկ ճանաչելու վերաբերյալ: Հայցը ընդունվել էր վարույթ, եւ նշանակվել էր սնանկության ժամանակավոր կառավարիչ: Համաձայն օրենքի` հարկադիր կատարողը կասեցրել էր «Բջնի»-ին վերաբերող կատարողական վարույթները:

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG