Մատչելիության հղումներ

Լրացավ Սերգեյ Փարաջանովի 85-ամյակը


Համաշխարհային հռչակ ունեցող կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը այսօր կդառնար 85 տարեկան: Մեծ վարպետի ծննդյան տարեդարձի կապակցությամբ, ինչպես այսօր ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Փարաջանովի արվեստի երկրպագուները այսօր հավաքվել էին նրա շիրիմի մոտ` Կոմիտասի անվան պանթեոնում: Հատուկ ելույթներ չեղան, քանի որ դժվար է հավանաբար մեծերի ներկայությամբ խոսելը, բայց լրագրողների հետ զրույցներում նրա արվեստակից ընկերները չէին թաքցնում հիացմունքը նրա արվեստի հանդեպ:

Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը, ով ոչ միան մտերիմ է եղել Փարաջանովի հետ, այլեւ ֆիլմ է նրա մասին նկարել, ասաց. - «Նա հանճար էր: Երբ Փարաջանովը կար, ամբողջ մեր արվեստը` նկարչություն, քանդակագործություն, կինո, բոլորը վերելք ապրեցին, որովհետեւ չափանիշը ինքն էր»:

Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Փարաջանովին բնութագրեց որպես «20-րդ դարի լավագույն արվեստագետներից մեկը»:

Երեւանում արդեն 18 տարի գործող Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ասաց. - «Նրա խորհուրդն այն էր, որ մարդը պետք է երբեք չի խղճի հետ կոնֆլիկտի մեջ չմտնի, ասի այն, ինչ մտածում է, միշտ ասի ճշմարտությունը»:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համոզմամբ, Փարաջանովն իրոք եզակի երեւույթ է, որովհետեւ ապրելով «դառնությամբ ու ցավով լի մի կյանք», ստեղծեց արվեստի սքանչելի գործեր` գեղեցիկը ստեղծելով ու տարածելով ամենուրեք, նույնիսկ բանտում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG