Մատչելիության հղումներ

Ստեփան Սաֆարյան. «Խնդրին ավելացել է նաեւ Եվրախորհրդի պաշտոնյաների արժանապատվության հարցը»


Ազգային ժողովի «ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի կարծիքով, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում, ամենայն հավանականությամբ, հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին որոշում կկայացվի: Ըստ պատգամավորի, դեկտեմբերի 17-ին ԵԽԽՎ-ի Մարդու իրավունքների մոնիտորինգի հանձնաժողովի փարիզյան նիստում ընդունված նախագիծը կդրվի վեհաժողովի ընդունելիք առաջիկա բանաձեւի հիմքում:

«Ես կարծում եմ, որ հայկական պատվիրակությանը կզրկեն [ձայնի իրավունքից] այնքան ժամանակ, մինչեւ վերջնականապես չկատարվեն բոլոր պահանջները: Այսինքն, բանաձեւը, կարծում եմ, որ կպարունակվի ուղերձի մեջ, հետեւյալն է. Հայաստանը կվերադառնա եվրոպական ընտանիք այն դեպքում, երբ լիովին կատարի այն պահանջները, որոնք դրված են այս բանաձեւի նախագծի մեջ», - այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասաց Ստեփան Սաֆարյանը:

«Ես կարծում եմ, որ 2009 թվականը բավականին ծանր տարի կլինի Հայաստանի համար», - հայտարարեց նա:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը քիչ հավանական է համարում այս համատեքստում 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած զարգացումների արդյունքում կալանավորված անձանց նկատմամբ համաներում կիրառելու հնարավորությունը: Ստեփան Սաֆարյանը նշեց, թե այն, որ մինչ 7-ի գործով դատավարության ավարտը համաներում չի լինի, հավաստվել է բազմաթիվ պաշտոնական շուրթերով:

Հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ ԵԽԽՎ -իբանաձեւից խուսափելու մյուս տարբերակը, ըստ Սաֆարյանի` «նա է, որ իշխանությունները ոչինչ չեն անում եւ փորձում են տարբեր երկրների խորհրդարանականների հետ «աշխատել» եւ հանել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցները»:

Սակայն, նույնիսկ այս պարագայում, Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, Հայաստանը, միեւնույն է, ամենեւին էլ լավ վիճակում չի հայտնվի, եւ կպահպանի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանը:

Սաֆարյանը հիշեցրեց Եվրախորհրդի անդամ երկրների նկատմամբ կիրառված խիստ պատժամիջոցների հազվադեպ օրինակները: Այսպես` 1969 թվականին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման արդյունքում 5 տարով Եվրախորհրդից վտարվեց Հունաստանը: 1997-ին Բելառուսը զրկվեց դիտորդի կարգավիճակից եւ չհասավ անգամ լիարժեք անդամակցությանը: 2001-ին մոտ 1 տարով քվեարկության իրավունքից զրկվեց Ռուսաստանը: Այս օրինակների սղությունը, Սաֆարյանի գնահատմամբ, է'լ ավելի է սրում այն աննպաստ վիճակը, որի մեջ կարող է հայտնվել Հայաստանը:

«Արդեն իսկ խնդրին ավելացել է նաեւ Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների արժանապատվության խնդիրը, որովհետեւ չեմ կարող մոռանալ, թե ինչ զայրույթ կար այն բանից հետո, երբ [ԵԽԽՎ-ի նախագահ Լուիս Մարիա] դե Պուչի կամ մյուսների հորդորները անպատասխան մնացին եւ հասկանալի էր, որ մի քանի հանգամանքներ պայմանավորելու են Հայաստանի նկատմամբ խիստ դիրքորոշումը»:

Այս ամենով հանդերձ, պատգամավորը չբացառեց, որ Եվրախորհրդին Հայաստանի ուղղությամբ կենտրոնանալուց կարող են շեղել Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմը եւ ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG